Ինչպես յուրաքանչյուր օր, այնպես էլ յուրաքանչյուր տարի առանձնահատուկ է: Սակայն վաղնջական ժամանակներից արևելյան ժողովուրդներն՝ օրինակ չինացիները, կարողացել են առանձնացնել տիեզերքում էներգիայի շրջապտույտի որոշ օրինաչափություններ, որոնք ազդեցություն ունեն մարդկանց վարքագծի, կյանքի վրա: Լեգենդի համաձայն՝ չինական հորոսկոպն ավելի քան չորս հազարամյակի պատմություն ունի: Չինացիները հավատում են, որ ժամանակակից տեսքով այն ձևավորվել է Հան հարստության տիրապետության շրջանում (մ.թ.ա. 206 — մ.թ. 207), երբ չինական ավանդական մշակույթի հիմնական տարրերը՝ ին-յանի փիլիսոփայությունը, հինգ տարրերի տեսությունը և կոնֆուցիականությունը միավորվելով ձևավորել են չինական բժշկության, աստղագիտության հիմքերը:
Եվ այսպես, ըստ չինական հորոսկոպի, 2016 թվականը Հրե Կապիկի տարի է: Իսկ դա նշանակում է, որի տավա խորհրդանիշն իրենից ներկայացնում է կապիկի անկանխատեսելի, անողջախոհ հուզականության և կրակի տարերքի անդիմադրելի ուժի տարերային մի խառնուրդ:
Չինական հորոսկոպի գիտակները հավաստիացնում են, որ տարին նման կլինի Բաքոսի տոնի, թեև մարդիկ տարբեր կերպ կընկալեն այն.
• կյանքի չափավոր ռիթմին ընտելացած, անսպասելի շրջադարձեր չսիրողներին տարին շատ լարված կարող է թվալ,
• ստեղծագործ անհատներն էմոցիոնալ արտասովոր վերելք կզգան, իրադարձությունների ու հույզերի բուռն հորձանուտում նրանք պարզապես կարող են չհասցնել իրականության վերածել իրենց նոր գաղափարները,
• վճռական քայլերի պատրաստ հաստատակամ անհատներն էներգիայի ներհոսք կզգան՝ իրենց պատրաստ համարելով հաղթահարել ցանկացած արգելք:
Կապիկն ուրախ, խորամանկ և խելացի մի էակ է, որը չի կարող հանգիստ նստել տեղում: Նա շատ է աղմկում, նա մշտապես փոխում է իրերի դասավորությունը՝ դեն նետելով այն, ինչն իրեն դուր չի գալիս, մեծ ուժով ձգտելով ստանալ ցանկալին: Ուրախ և գոհ կապիկը կարող է լարված ու չար դառնալ րոպեներ անց: Սակայն, ողջ անհետևողականությամբ հանդերձ, նրան բնորոշ է նպատակասլացությունը: Կապիկը գտնում է անհավանական ճանապարհներ, խորամանկում է, համադրում: Նրա ուժեղ կողմերից է այն, որ անհաջողությունները չեն կանգնեցնում Կապիկին: «Ցանկացած խելահեղություն անգործությունից լավ է», ահա սա է Կապիկի սկզբունքը, որի ներքո էլ կանցնի 2016-ը: Կրակն իր հերթին անդիմադրելի ուժ կհաղորդի կրքերի այս ողջ հորձանուտին: Կրակի տարերքն էներգիա փոխանցելու մեծ հնարավորություն է կրում: Հնարավոր է՝ շատերին դժվար լինի տանել Կապիկի անկանխատեսելիության և Կրակի հզորության համադրումը: Սակայն շատերն էլ կկարողանան ուժ ստանալ այդ հորձանուտից: Ոմանք էլ իրենց մեջ ուժ կգտնեն անել այն, ինչ մինչ այդ չէր ստացվում:
Կրակի ուժը Կապիկին հնարավորություն կտա դրսևորել իր բոլոր ունակությունները: Ճկուն միտք, զվարթ և բաց խառնվածք, խորամանկություն, հետաքրքրասիրություն. այս բոլոր հատկանիշները կընդգծվեն կամ կբացահայտվեն 2016-ին:
Կրակը մերձեցնում է, ուստի առաջիկա տարին լի կլինի նոր ծանոթություններով ու կապերով: Կապիկն, իր հերթին, շատ հավատարիմ կենդանի է, որն ընտանիքի հրաշալի պահապանի դերում է հանդես գալիս: Ահա այս հատկանիշներն էլ 2016-ին տարվա խորհրդանիշը կփոխանցի Երկրագնդի բնակիչներին: