Թուրքիայում քրդերի ինքնավարության հարցը նոր հնչեղություն է ստանում: Թուրքիայի հարավարևելյան շրջանների քրդերի առաջնորդները կոչ են արել Անկարայից անկախ ինքնավարություն հռչակել: Ինչպես նշում է Euronews-ը, հայտարարությունն արվել Դիարբեքիրում «Ժողովրդավարական ազգային կոնգրեսի» նիստից հետո: Այս կառույցը միավորում է քրդական անկախ կազմակերպությունները: Հայտարարությունում նշվում է «արդարացի դիմադրության» մասին, որը քրդերը ցույց են տալիս` պաշտպանվելով թուրքական իշխանությունների ճնշումից:
Այս հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ լրատվամիջոցները հայտնում են Թուրքիայի հարավարևելյան շրջաններում իշխանությունների կողմից հակաահաբեկչական գործողություն իրականացման մասին, որի հետևանքով ամեն օր տասնյակ մարդիկ են սպանվում, որոնց պաշտոնական Անկարան պիտակավորում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) «ահաբեկիչներ»: Սակայն «պարետային ժամի» քողի ներքո իրականացվող գործողությունների հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվում:
Թուրքիայի խորհրդարան անցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը, խոսելով Թուրքիայում քրդերի ինքնավարության մասին, ասել է, որ քրդերը պետք է որոշեն, թե արդյոք նրանք ինքնավարություն են ուզում, թե ցանկանում են «մեկ բռնապետի իշխանության տակ ապրել»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Դեմիրթաշի հայտարարությունը` այն անվանելով «դավաճանություն և բացահայտ սադրանք»: Ինչպես նշում է Hurriyet Daily News-ն, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը նման բան թույլ չեն տա:
Քրդական ինքնավարության մասին այս հայտարարություններից հետո մտավախություններ կան, որ քրդերի կոտորածը կարող է նոր թափ ստանալ: