Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դիմել է Նիդերլանդների բնակիչներին՝ կոչ անելով չտապալել ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը: Նախագահի խոսքով, նման զարգացումը «դուռ կբացի մայրցամաքային ճգնաժամի համար»:
Պաշտոնական Բրյուսելում մտահոգություն են առաջացրել հոլանդական EenVandaag հեռուստածրագրի թիմի իրականացրած հարցման արդյունքները, համաձայն որոնց հարցվածների երեք քառորդը նշել է, թե «ամենայն հավանականության» դեմ կքվեարկի ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Հարցմանը մասնակցել է 27 հազար հեռուստադիտող, ում կեսից ավելին նշել է, թե պատրաստվում է մասնակցել քվեարկությանը: Հարցման արդյուքններն հրապարակել է հոլանդական NRC Handelsblad թերթը:
ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի վավերացման հարցի շուրջ հանրաքվեն Նիդերլանդներում նախանշված է ապրիլի 6-ին: Հանրաքվեների մասին նոր օրենքի ընդունումից հետո սա ուղղակի ժողովրդավարության առաջին թեստը կլինի Նիդերլանդներում: Նշենք, որ հանրաքվեի արդյունքները պարտադիր իրավական ուժ չեն ունենալու և խորհրդատվական բնույթ են կրելու: Բայց հոլանդական քաղաքական ուժերի մեծ մասն արդեն հայտարարել են, որ հանրային կամքը պետք է հաշվի առնվի:
Հանրաքվեի արշավը մեկնարկել է հունվարի մեկից, և EenVandaag-ի իրականացրած հարցումն, ինչ-որ իմաստով, համարվում է մեկնարկային կետ: Որոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ հարցախույզի արդյունքները չեն արտացոլում հանրային կարծիքի իրական պատկերը: Նրանց հավաստմամբ՝ հեռուստադիտողները հարցմանը մասնակցել են սեփական նախաձեռնությամբ, հետևաբար արձանագրվել է միայն քաղաքականապես ակտիվ, նախապես հստակ դիրքորոշում ունեցող հեռուստադիտողների մոտեցումը:
Այնուամենայնիվ ստացված արդյունքները մտահոգել են ինչպես ԵՄ, այնպես էլ բուն Նիդերլանդների ղեկավարությանը: Վարչապետ Մարկ Ռուտեն հայտնել է, թե կփորձի համոզել քաղաքացիներին «այո» ասել համաձայնագրի վավերացմանը:
«Հանրաքվեին ես կողմ կքվեարկեմ»,-ասել է վարչապետը:-«Ես և իմ գործընկերները կբացատրենք, թե ինչու ենք այդպես վարվում: Խոսքն ազատ առևտրի մասին է, և ոչ՝ անդամակցության, ինչպես հավաստում են դրա ընդդիմախոսները»:
Նշենք, որ հանրաքվեն տեղի կունենա ԵՄ-ում Նիդերլանդների նախագահության ընթացքում, և «ոչ»-ը կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցում ԵՄ քաղաքականության տապալում:
Յունկերն, իր հերթին, զգուշացրել է, որ հոլանդացիների կողմից փաստաթղթի մերժումը շահեկան կլինի Ռուսաստանի համար: