ՀՀ-ն և ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ դատապարտելի է և անթույլատրելի:
Տալլինում Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը:
Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել էստոնական կողմին Տալլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ անցյալ տարի Տալլինի Սուրբ Յանի եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին իր հրավերով ներկա են եղել նաեւ Էստոնիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Լայնե Ռանդյարվը և բնապահպանության նախկին նախարար Մատի Ռայդման:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին:
Էդուարդ Շարմազանովը Հելիր-Վալդոր Սիդերին հրավիրել է 2016 թվականին պաշտոնական այց կատարել Հայաստան: