Գերմանական Քյոլն քաղաքում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ մի շարք միգրանտներ հարձակվել էին տեղացի կանանց վրա, գերմանացիները սկսել են էլ ավելի քննադատաբար վերաբերվել փախստականներին: INSA ինստիտուտի կատարած սոցհարցման տվյալների համաձայն՝ գերմանացիների ավելի քան 60%-ը խիստ բացասաբար է մոտենում փախստականների ընդունմանը, 25%-ը նշել է, որ իրենց կարծիքը Գերմանիա միգրացիոն հոսքի վերաբերյալ անփոփոխ է մնացել, իսկ 14.5%-ը՝ հրաժարվել է պատասխանել:
Բացի Քյոլնից, վերջին օրերին ոստիկանությունում արդեն մոտ 600 հայտարարություն է ստացվել նաև Գերմանիայի Համբուրգ, Շտուտգարտ, Բեռլին, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներից, որտեղ բողոքում են սեռական ոտնձգություններից, ծեծից կամ գողություններից տուժած կանայք: Իսկ Լայպցիգ քաղաքում հունվարի 11-ին անգամ հատուկ երթ է անցկացվել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Ցուցարարները բացականչել են ազգայնական կարգախոսներ, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում կանցլեր Անգելա Մերկելի հասցեին՝ անցյալ տարի ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալ ընդունելու որոշման համար:
Մերկելն իր հերթին հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը խոցելի է դարձրել Եվրոպան և ԵՄ անդամ երկրների իշխանությունները չեն կարողանում լիովին կարգավորել տիրող իրավիճակը:
«Այժմ մենք անսպասելիորեն բախվել ենք մարտահրավերների, որոնք Եվրոպա է բերում ներգաղթյալների հոսքը, և ինչպես երևում է՝ խոցելի ենք, քանի որ դեռ հաստատված չեն անհրաժեշտ կարգուկանոնն ու վերահսկողությունը»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Սակայն, միևնույն ժամանակ Մերկելը հանդես է եկել սահմանների փակմանն ուղղված միջոցառումների դեմ, որոնց ներկայումս դիմում են եվրոպական որոշ երկրներ՝ հայտարարելով, որ տեղաշարժման ազատությունից որոշ չափով կախված է եվրագոտու ճակատագիրը:
Գերմանիան, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, 2015 թ.-ին հազարավոր փախստականների է ընդունել աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից, ում ներկայությունն էլ երկրում նման ապակայունացմանն է հանգեցրել: