Դանիայի կառավարությունը խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնեցրել է ծրագիրը, որի համաձայն` ներգաղթյալներից կառգրավվեն արժեքավոր իրերը` փախստականների ընդունման կենտրոններում նրանց կացության վճարը գանձելու համար:
Նշվում է, որ ամուսնական մատանիները, պատվո մեդալները, ընտանեկան նկարները և այլ «հատուկ էմոցիոնալ արժեք» ունեցող իրերը չեն առգրավվի: Մինչդեռ ձեռքի ժամացույցները, հեռախոսներն ու համակարգիչները կարող են հանգիստ ծառայել որպես վճար կացարանի դիմաց:
Նման որոշման համար Դանիայի իմիգրացիայի և ինտեգրացիայի նախարար Ինգեր Ստոյբերգը սուր քննադատության է արժանացել թե՛ իր հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս: Շատ եվրոպացի փորձագետներ նման քայլը համեմատում են նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում գտնվող հրեաների հանդեպ ժամանակին ցուցաբերած վարմունքի հետ:
Սակայն նախարարն արդարացել է նրանով, որ չքավորության մեջ գտնվող փախստականներից ոչինչ էլ չի գանձվի: Միայն այն ներգաղթյալները ստիպված կլինեն «կիսվել» իրենց ունեցվածքով, ում մոտ այն կգերազանցի 10 հազար դանիական կրոնան, այսինքն` 1340 եվրոն: Դա էլ, ըստ Ինգեր Ստոյբերգի, զուտ կփոխատուցի այն գումարը, որ պետությունը ծախսում է փախստականի կացարանի ու նպաստների վրա:
Ուշագրավ է, որ արժեքավոր իրերի առգրավումը դանիացիների կողմից միակ դաժան նորամուծությունը չէ: Օրինագծի վերջնական ընդունման պարագայում փախստականները միայն մեկ տարով կարող են կացարան ստանալ Դանիայում: Ավելի երկար ժամկետների վրա նրանք կարող են հույս դնել միայն այն պարագայում, եթե ապացուցեն, որ անձամբ իրենց վտանգ է սպառնում Սիրիայում:
Բացի այդ, այն ծնողները, ովքեր Դանիա են ժամանում առանց երեխաների, պետք է սպասեն առնվազն երեք տարի, մինչ իրենց հարազատները կկարողանան ևս ժամանել «ընտանիքների վերամիավորման» ծրագրի շրջանակներում: