Եվրահանձնաժողովը սկսել է Լեհաստանում վերջերս անցկացված բարեփոխումների նախնական ստուգումը: Ինչպես նշվում է, բարեփոխումները կստուգվեն ԵՄ իրավունքի նորմերին նրանց համապատասխանության տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմերմանը:
«Լեհաստանի սահմանադրական դատարանի պարտադիր վճիռները չեն հարգվում Լեհաստանի եվրոսկեպտիկ կառավարության կողմից, ինչը, կարծում եմ, լուրջ խնդիր է օրենքով առաջնորդվող ցանկացած պետության համար», - նշել է Տիմերմանը:
Ստուգումների արդյունքում, մասնավորապես, տվյալ երկրի պատվիրակությունը կարող է ժամանակավորապես զրկվել ԵՄ-ի Խորհրդում ձայնի իրավունքից, ուր ձևավորվում է ԵՄ-ի քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է օրենք, որը կառավարությանն իրավունք է տալիս ուղղակիորեն նշանակել հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների: Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեհաստանի վրա ԶԼՄ-ների մասին ընդունված օրենքի պատճառով ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին:
Ինչևէ, Լեհաստանի կառավարությունն իր հերթին մերժում է եվրոպական արժեքները խախտելու մասին բոլոր մեղադրանքները։ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Տիմերմանի հայտարարությունն անիմաստ է համարել և պահանջել է գրավոր ձևով ներկայացնել ԵՄ-ի քննադատական նկատառումները։
Իսկ երկրի վարչապետ Բեատա Սիդլոն էլ հայտարարել է, որ Լեհաստանի ներքին օրենսդրությունը չի կարող հանդիսանալ Եվրոպական հանձնաժողովի գնահատականի առարկա, և իրենք ինքիշխան ու անկախ են ցանկացած ներքին խնդիր լուծելու հարցում:
Ի պատասխան դրան՝ Տիմերմանը շեշտել է, որ ԵՄ-ին անհանգստացնում է ոչ թե Լեհաստանի ներքին քաղաքականությունը, այլ իշխանությունների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին: Բանն այն է, որ ըստ ԵՄ-ի օրենսդրության՝ Եվրոպական հանձնաժողովն իրավասու է միջոցներ ձեռնարկել, եթե ԵՄ-ի անդամ երկրի կառավարությունն ընդունում է այնպիսի օրենք, որն իրենից ներկայացնում է «համակարգային սպառնալիք» ԵՄ-ի հիմնարար արժեքների համար։
Նշենք նաև, որ այս ամենի ընթացքում սրվել են նաև Լեհաստանի հարաբերությունները Գերմանիայի հետ, որը հանդես է գալիս ընդունված օրենքների խիստ քննադատությամբ: Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչ Ֆոլքեր Քաուդերի կարծիքով, օրինակ, ԵՄ երկրները պետք է «տղամարդկություն գտնեն պատժամիջոցների համար, եթե հայտնաբերվեն եվրոպական արժեքների խախտումներ»: «Լեհաստանի կառավարությունը պետք է իմանա, որ Եվրոպայում չի կարելի խախտել որոշ հիմնարար արժեքներ»,- հայտարարել է Քաուդերը: Իսկ Քրիստոնեադեմոկրատական-Քրիստոնեասոցիալական միություն բլոկի նախագահ Հերբերթ Ռեուլն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ են տնտեսական պատժամիջոցներ, եթե քաղաքական երկխոսությունն արդյունք չտա:
Չնայած գերմանական քաղաքական գործիչների նման կոչերին, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն պատժամիջոցներ կիրառել Լեհաստանի նկատմամբ: