Քիշնևի կենտրոնում «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական հարթակն անցկացնում է հերթական բողոքի ակցիան երկրի վարչապետի պաշտոնում գործարար Վլադ Պլախոտնյուկի առաջադրելու դեմ: Интерфакс-ը տեղեկացնում է, որ ակցիային մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ, և, ինչպես հայտարարել են սեպտեմբերից երկրում անժամկետ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիական նախաձեռնության առաջնորդները, նախորդ շաբաթ սկսված բողոքի ակցիան ընդլայնվում է:
Նշենք, որ այս ակցիային հետ միաժամանակ ընթանում է ձախակողմյան «Մեր կուսակցության» հանրահավաքը, որին միացել է նաև խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունը: Ոստիկանության տվյալներով՝ այս ակցիային մասնակցում է 2-3 հազար մարդ, ովքեր պահանջում են երկրում արտահերթ ընտրությունների անցկացում:
Մոլդովայի խորհրդարանական նոր մեծամասնությունը կողմ է վարչապետի պաշտոնում Պլախոտնյուկի թեկնածության հաստատմանը, ինչին սակայն դեմ երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ով պահանջում է վարչապետի պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Տիմոֆտիի կարծիքով Պլախոտնյուկը չի համապատասխանում այդ պաշտոնի համար ենթադրվող բարոյական չափանիշներին:
Նշենք, որ Մոլդովայում կառավարության հաստատման վերջնաժամկետը հունվարի 29-ին է: Եթե նախագահը այդպես էլ չհամաձայնի խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրած թեկնածուին, ապա խորհրդարանական մեծամասնությունը կարող է սկսել նախագահի հրաժարականի գործընթացը, ինչի համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը:
Նշենք, որ Մոլդովան չի կարողանում կառավարություն ձևավորել դեռ նախորդ տարվա հոկտեմբերից, երբ Վալերի Ստրելեցի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց: Դեկտեմբերին խորհրդարանը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Իոն Ստրուզին, ով, սակայն, չկարողացավ խորհրդարանի հունվարյան նիստում վստահության քվե ստանալ:
Մոլդովայում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2015 թվականի սկզբին, երբ հայտնի դարձավ երկրի բանկերից 1 մլրդ եվրոյի անհետանալու մասին: 2015 թվականից սկսած տարբեր բողոքի ակցիաների ֆոնին արդեն հրաժարական է տվել երկու կառավարություն: