2016 թվականին անհրաժեշտ է վերջ դնել միջազգային տարաձայնությունների պատճառով ձգձգված հակամարտություններին, հաղթել «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև վերադառնալ միջուկային զինաթափմանը։ Սրանք այն նպատակներն են, որոնք դրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնին իր պաշտոնավարության վերջին տարվա համար, հաղորդում է ТАСС-ը:
«2016 թվականին մենք պետք է վերջ դնենք հակամարտություններին, որոնք շարունակվել են համաշխարհային տարաձայնությունների պատճառով, շատ ավելին անել բնակչության խոցելի խմբերի համար, ինչպես նաև ցույց տալ, որ մենք լուրջ ենք տրամադրված ցնցումները կանխելուն, որոնք պատրաստում է մեզ համար վաղվա օրը»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջ:
Նա մանրամասն կանգ է առել Սիրիայի պատերազմի վրա՝ մեղադրելով հակամարտող կողմերին մարդու իրավունքների խախտումների համար, ինչպես նաև քաղաքների արգելափակումն անվանել է պատերազմական հանցագործություն։