Եվրոպական միությունը երկու շաբաթով երկարաձգել է Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների չեղարկումը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, սա տեխնիկական միջոց է Թեհրանի և տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի իրագործման համար: Նախատեսվում էր, որ որոշ պատժամիջոցներ պետք է չեղյալ հայտարարվեին 2016 թվականի հունվարի 14-ին` Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև պատմական համաձայնության կայացումից 6 ամիս անց:
Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կշարունակվեն մինչև հունվարի 28-ը: Եվրամիությունը հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը կայացվելու է այն ժամանակ, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի, որ Իրանը կատարել է միջուկային համաձայնագրով նախատեսված քայլերը:
ԵՄ-ն արդեն մշակել է պատժամիջոցների չեղարկման համար անհրաժեշտ օրենսդրական շրջանակը: «Ամեն ինչ պատրաստ է պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար, երբ հաստատվի, որ Իրանը կատարել է համաձայնությամբ նախատեսված իր պարտավորությունները», - ասել է եվրոպացի դիվանագետը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդն արդեն հայտարարել է, որ Իրանը փակել է Արաքի միջուկային ռեակտորի ակտիվ գոտին, ինչը մտնում է միջուկային համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունների մեջ: Առաջիկա օրերին ակնկալվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կհրապարակի իր զեկույցն՝ Իրանի կողմից պարտավորությունների կատարման մասին:
Նշենք, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը կստանա արտասահմանյան հաշվեհամարներում սառեցված իր ակտիվները, որոնք կարող են հասնել մինչև 50 միլիարդ դոլարի: Ինչպես նշում է Korrespondent-ը, Իրանը կարող է նաև մի քանի շաբաթվա ընթացքում 500 հազար բարելով ավելացնել նավթի արտահանումը: