Մոլենբեկը, որ Եվրոպայում ջիհադիստական գործունեության օջախ է հանդիսանում, մեկն է Բրյուսելի տասնինը քաղաքային շրջաններից:
Դեռևս արդյունաբերական հեղափոխության շրջանում Բելգիայի մայրաքաղաքի այս հատվածը հայտնի էր որպես «Փոքրիկ Մանչեսթեր»՝ իր բազմաթիվ գործարանների և պահեստների պատճառով, որոնք հիմնադրվում էին նորակառույց ջրուղիների կողքին:
Այսօր, սակայն, Մոլենբեկին ավելի համապատասխանում է «Փոքրիկ Մարոկկո» անվանումը: Անցնելով դեպի Մոլենբեկ տանող կամուրջը՝ թվում է, թե հեռացել եք Եվրոպայից և մուտք եք գործել ինչ-որ մերձավորարևելյան կամ աֆրիկական գետտո:
Շատ խանութների պաստառներ այստեղ արաբերենով են գրված: Հենց կենտրոնում գործում է լրիվ արաբական ոճով բաց շուկա: Իսկ կանայք այստեղ չադրաներ ու փարանջաներ են կրում, ինչպես իրենց հայրենի երկրներում կկրեին:
Տարածքը, որն առավել խիտ բնակեցվածներից մեկն է երկրում, 2013 թ.-ին ունեցել է տղամարդկանց գործազրկության ամենաբարձր 29 տոկոսը՝ համեմատած մնացյալ Բելգիայում առկա 22%-ի: Բնակչության ավելի քան 25 տոկոսը մուսուլման է, որոնցից շատերը ներգաղթյալներ են Հյուսիսային Աֆրիկայից և Թուրքիայից: Մոլենբեկում կա 22 մզկիթ, ինչն ավելի քան չորս անգամ շատ է շրջանի եկեղեցիներից: Մզկիթներից մի քանիսն էլ ծառայում են որպես ծայրահեղականների մշտական հավաքատեղիներ:
Բելգիան այժմ նաև առավելագույն թվով իսլամիստներ արտահանողն է Սիրիա: Բանն այն է, որ ավելի քան 440 բելգիացի քաղաքացի է մեկնել մասնակցելու սիրիական պատերազմին:
Մոլենբեկի քաղաքապետ Ֆրանսուազ Շեպմանն այս առիթով մտահոգություն է հայտնել, որ Սիրիա մեկնածները վերադարձից հետո սկսում են ռազմական գործ սովորեցնել Բելգիայի շատ ուրիշ քաղաքացիների, ինչը բավական վտանգավոր է:
Հիշեցնենք, որ Մոլենբեկն էլ ավելի հայտնի է դարձել նախորդ տարվա նոյեմբերի 13-ի իրադարձություններից հետո: Փարիզի հարձակումների արդյունքում այս շրջանն անմիջապես հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում: Բելգիական իշխանություններն իրականացրել են որոնման աշխատանքներ և ահաբեկչության կազմակերպման կասկածյալներից երկու հոգու ձերբակալել են հենց Մոլենբեկում: