Եվրոպական միության միասնականությունն ու հեղինակությունը վտանգված են: Իտալիան արգելափակում է փախստականների հոսքը Եվրոպա կասեցնելու դիմաց Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելու վերաբերյալ ԵՄ-ի ծրագիրը: Ինչպես նշում է CyprusMail-ը, այս մասին հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները: Ծրագրով նախատեսվում է, որ 3 միլիարդի 1/3-ը տրամադրվելու է ԵՄ բյուջեից, իսկ մնացած 2 միլիարդը պետք է տրամադրեն ԵՄ անդամ երկրները:
Այս քայլն ավելի է սրում մի շարք առանցքային հարցերում Իտալիայի և ԵՄ-ի դիրքորոշումներում առկա լարվածությունը: Դեռևս 2015 թվականի դեկտեմբերին ԵՄ գագաթաժողովի ժամանակ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին իր անհամաձայնությունը հայտնեց էներգետիկ, բանկային և միգրացիոն հարցերում ԵՄ քաղաքականությանը:
Նշենք, որ ԵՄ միգրացոն քաղաքականության գլխավոր աջակիցը Գերմանիան է: Թուրքիայի հետ համաձայնությունը տեղի ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ: Հենց այդ պատճառով էլ ակնկալվում է, որ Գերմանիայի ֆինանսների նախարարն այսօր Բրյուսելում ԵՄ անդամ-երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ բարձրացնելու է Իտալիայի կողմից Թուրքիայի հետ կնքված համաձայնագրի արգելափակման հարցը:
ԵՄ-ն պետք է որքան հնարավոր է շուտ կարգավորի այս հարցը Թուրքիայի հետ վերջնական համաձայնության գալու համար, քանի որ փախստականների հետ կապված իրադրությունը Եվրոպայում օրեցօր վատթարանում է: Ինչպես նշում է DW-ն, ԵՄ միգրացիոն հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը զգուշացրել է, որ «միգրացոին ճգնաժամը խորանում է»: Նա ասել է, որ 2015 թվականին կայացած համաձայնությունը, որով նախատեսվում էր Հունաստան և Իտալիա ժամանող փախստականներին բաժանել ԵՄ անդամ երկրների միջև, չի գործում, մինչդեռ, ըստ նրա, «ԵՄ բոլոր անդամ-երկրները պարտավոր են մասնակցել այս խաղին»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ չի հերքել Իտալիայի դժգոհության մասին լուրերը՝ նշելով, որ «չի հասկանում իտալական անսպասելի անհամաձայնության պատճառը»: Ինչպես նշում է Daily Sabah-ը, Յունկերը մտադիր է փետրվարին մեկնել Իտալիա: «Մենք պետք է լուծենք այս խնդիրն իտալացիների հետ», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Իտալիայի, ինչպես նաև Հունաստանի գլխավոր դժգոհությունը կայանում է նրանում, որ հենց այս երկրներերով են տասնյակ հազարավոր փախստականներ ներթափանցում Եվրոպա: Հիմնական բեռն ընկնում է նրանց վրա, իսկ ԵՄ-ն, նրանց հավելյալ օգնություն տրամադրելու փոխարեն, ցանկանում է Թուրքիային 3 միլիարդ եվրո տալ: Բնական է, որ բյուջետային ծանր պայմաններում գոյատևող այս երկրները պետք է արտահայտեն իրենց անհամաձայնությունը: Հետևաբար, Իտալիայի կողմից Թուրքիայի հետ ձեռքբերված համաձայնագրի արգելափուկումն ամենևին էլ անհիմն չէ: