Կիպրական խնդրի կարագավորումը տեղի կունենա 2016 թվականի առաջին կեսին: Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: «Ես միանգամայն վստահ եմ, որ հաջորդ վեց ամիսներին մենք վերջնական համաձայնության կգանք կղզու վերամիավորման մասին», - հայտարարել է Յունկերը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Կիպրական խնդրի կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի միջնորդությամբ Կիպրոսի հունական և թուրքական մասերի միջև բանակցությունները, որոնք բավականին երկար ժամանակ գտնվում էին փակուղում, վերսկսվել են 2015 թվականի մայիսին՝ Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարի պաշտոնում Մուստաֆա Ակինիչի ընտրվելուց հետո: Նշենք, որ Ակինչին հանդես է գալիս Կիպրական խնդրի կարգավորման դաշնային պետություն ստեղծելու տարբերակի օգտին: Այս տարբերակը, որը հայտնի է, որպես Անանի պլան, բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով ամենալավ հնարավորությունն է Կիպրոսի երկու հատվածների վերամիավորման համար: Նշենք, որ այս պլանը 2004 թվականին մերժել են հույն կիպրացիները, սակայն այժմ, կարծես, իրավիճակը փոխվել է. նրանք ևս ողջունում են Ակինիչին հետ բանակցությունները:
Հունական Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Մուստաֆա Ակինչին հունվարի 14-ին հայտարարել են, որ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հանդիպում են ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Փորձագետները նշում են, որ, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն և Կիպրոսի երկու մասերը միավորվեն դաշնային պետության մեջ, կառաջանան տարածքային ճշգրտումների, իշխանության բաժանման և սեփականության իրավունքի հետ կապված բավականին լուրջ հարցեր: Ընդ որում, Կիպրոսի երկու հատվածների ղեկավարների կարծիքով, տարածքային ճշգրտումները և սեփականության իրավունքի վերանայումները բավական դժվար կընդունվեն իրենց հասարակությունների կողմից: Նշենք, որ ցանկացած համաձայնություն պետք է հանրաքվեի միջոցով հավանության արժանանա կիպրոսցիների կողմից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՄԱԿ-ը ծրագրում է այդպիսի հանրաքվե անցկացնել մարտին: