Շվեյցարական Դավոս քաղաքում այսօր մեկնարկել է համաշխարհային տնտեսական հերթական ֆորումը, որը տևելու է մինչև հունվարի 23-ը:
«Դավոսը պարզապես համաժողով չէ, դա անգնահատելի փորձ է»,- 46-րդ ֆորումի բացմանը հայտարարել է ֆինանսիստ, միջոցառման հիմնադիր ու նախագահ Կլաուս Շվաբը:
«Դավոս»-ին մասնակցում են աշխարհի 100 երկրի ավելի քան 2500 մասնակից՝ չհաշված 40 երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների:
Ներկայիս ֆորումի հիմնական թեման կդառնա այսպես կոչված «Չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը»: Միջազգային ներկայացուցիչները կքննարկեն նաև փախստականներին ու միգրացիոն ճգնաժամին առնչվող հարցերը, աշխարհատնտեսական մարտահրավերները, գլոբալ անվտանգությանը, առողջապահությանը, կրթությանը, գենդերային խտրականությանն ու կլիմայի փոխոխությանն առնչվող հարցեր:
Համաժողովին ԵՄ-ն այս տարի չեն ներկայացնելու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները. ո՛չ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ոչ՛ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նրանց կփոխարինեն ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՀ առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանը:
Համաժողովին ներկա կգտնվեն նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և այլք:
Բոլոր մասնակիցների կողմից առանձնակի սպասելիքներ կան Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցից: Իսկ միջազգային կազմակերպություններից, համաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախարար Փիթեր Մաուերը և այլք:
Հայաստանն այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին: