Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում: Այն կկոչվի Armenia, իսկ անձնակազմի մեծ մասը կհամալրվի Airzena-ի աշխատակիցներով, հայտնում է Panamenian-ը՝ հղում կատարելով վրացական «Կոմերսանտ» պարբերականը: Armenia-ն կշահագործի Airzena-ի իքնաթիռները:
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաստատել է Armenia նոր ավիաընկերության ստեղծումը Հայաստանում, սակայն հիմնադրի հարցում հայտարարել է, որ տեղեկություն չունի այդ մասին:
«Հաստատում եմ, որ ձևավորվում է Armenia նոր ավիաընկերությունը, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն, պաշտոնական տեղեկատվություն կտարածվի փետրվարին»,-հայտարարել է Գրդզելյանը:
Վերջին շրջանում Airzena-ն խնդիրներ ունի վրացական շուկայում, թռիչքները դեպի Եվրոպա դադարեցվել են, որոշումն ընդունվել է ուղևորահոսքի կրճատման պատճառով: Ընկերությունը դադարեցրել է թռիչքները Վիեննա, Փարիզ, Ամստերդամ, Սամարա, այժմ իրականացվում են միայն դեպի Մոսկվա և Թել Ավիվ չվերթները:
Հայկական շուկա մտնելու Airzena-ի որոշումը մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ, ըստ հայ փորձագետների, Հայաստանի ավիաշուկային վնասում են կոռումպացվածությունն ու ռուսական ավիաընկերությունների իշխումը, որի պատճառով եվրոպական ավիափոխադրողները հեռանում են շուկայից, գրում է bizzone.info-ն:
Այս հարցի առնչությամբ Զատուաշվիլին ասել է, որ այժմ Հայաստանում ազգային ավիափոխադրող չկա և նոր ընկերությունը, հավանաբար, այդ թափուր տեղը կգրավի, իսկ հիմնական ուղղությունները կլինեն ՌԴ-ն և Եվրոպան: