Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պնդում է, որ Իրաքի քրդական ուժերը, որոնք ստանում են արևմտյան ուժերի աջակցությունը, Իրաքի հյուսիսային արաբական բնակավայրերում հազարավոր տներ են այրել և ոչնչացրել: Կազմակերպության տվյալներով՝ դրանք հիմնականում այն բնակավայրերն են, որոնք ազատագրվել են «Իսլամական պետության» զինյալներից, հայտնում է AFP-ն:
Amnesty International-ի իրավապաշտպանների կարծիքով՝ քրդական ուժերի այս գործողությունները պետք է որակել որպես «ռազմական հանցագործություն», քանի որ «քրդական ուժերն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են արաբ բնակչության բռնի տեղահանման համակարգված արշավ»:
«Քրդստանի տարածաշրջանային կառավարության Փեշմերգա ուժերը և քրդական ոստիկանությունը հյուսիսային Իրաքում քանդել, պայթեցրել և այրել են հազարավոր տներ՝ ակնհայտորեն փորձելով վրեժ լուծել նրանց կողմից ԻՊ-ին տրամադրվող ենթադրյալ աջակցության համար», - պնդում է կազմակերպությունը:
Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում հերքել է Amnesty International-ի մեղադրանքները՝ նշելով, որ այս բնակավայրերում տների հիմնական մասն ավերվել է մարտերի արդյունքում, որոնց ընթացքում Փեշմերգան և ԻՊ-ն տարբեր զինատեսակներ են օգտագործել: Վերջինս նաև ասել է, որ տների ավերման պատճառներից մեկն էլ ԻՊ-ի դիրքերին հասցվող միջազգային կոալիցիայի ավիահարվածներն են:
Հարկ է նշել, որ Amnesty International-ի հայտարարությունն առաջինը չէ: 2015 թվականի հոկտեմբերին Լոնդոնում գտնվող իրավապաշտպան կազմակերպությունը նմանատիպ զեկույց հրապարակեց՝ մեղադրելով Սիրիայի քրդական ուժերին ռազմական հանցագործությունների մեջ: Զեկույցի համաձայն սիրիական քրդական ուժերը միտումնավոր քանդել են քաղաքացիական տները և բռնի կերպով տեղահանել են բնակիչներին՝ «առանց որևէ վստահելի ռազմական հիմնավորման»:
Չնայած հնչող տարաբնույթ հայտարարություններին, չենք կարող բացառել, որ Իրաքում արաբական բնակավայրերի ոչնչացումը կարող է կապված լինել այս տարածքները Քրդստանի տարածաշրջանային կառավարության մեջ ներառելու քրդական ուժերի մտադրության հետ: Գաղտնիք չէ, որ ԻՊ-ի դեմ պայքարում իրաքյան բանակի անհաջողություններից հետո քրդական ուժերին հաջողվեց ազատագրել մի շարք շրջաններ: Եվ հիմա Իրաքյան Քրդստանը հայտարարում է այդ տարածքներում իր վերահսկողությունը հաստատելու ցանկության մասին: Որպես օրինակ՝ նշենք նավթով հարուստ Քիրքուքը, որի ազատագրումից հետո քրդական ուժերը հայտարարում են այն Իրաքյան Քրդստանին միացնելու մասին: Հետևաբար, տվյալ շրջաններից արաբական բնակչության տեղահանումը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ: