2014 թվականի սեպտեմբերից սկսած մինչ այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ ռազմական արշավի ծախսերը կազմել են 5.5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Իրաքում և Սիրիայում ահաբեկչական գործողություններին հակահարված հասցնող ԱՄՆ զորքերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը: Բաղդադից հեռարձակվող հեռուստակոնֆերանսի շնորհիվ նա հատուկ ճեպազրույց է անցկացրել Պենտագոնի մամուլի կենտրոնում հավաքված լրագրողների հետ:
«Այս նպատակի համար օգտագործվող ամենօրյա ծախսերը կազմում են 11 մլն դոլար», - նշել է Ուորրենը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ ինքնաթիռներն իրականացրել են 65 492 մարտական թռիչք և 9782 հարված են հասցրել ԻՊ դիրքերին, որոնցից երկու երրորդն Իրաքում, իսկ մեկ երրորդը՝ Սիրիայում: Ընդ որում, եթե մի քանի ինքնաթիռներ միաժամանակ ռմբակոծել են մի քանի օբյեկտ միևնույն տարածքում, ապա Պենտագոնը հաշվել է դա որպես մեկ հարված:
«Անցյալ տարվա մայիս ամսից կոալիցիոն ուժերը սպանել են ԻՊ ավագ և միջին օղակի 95 ղեկավարներին և հազարավոր շարքային զինյալների», - նշել է Ուորրենը:
ԱՄՆ օդուժը սկսել է ռմբակոծել իսլամիստների դիրքերն Իրաքում 2014-ի օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում ՝ 2014 թ.-ի սեպտեմբերի 23-ից: Իրաքում ԱՄՆ օդանավերի հետ զուգահեռ մարտական գործողություններում ներգրավված են նաև Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հորդանանի, Հոլանդիայի և Ֆրանսիայի օդանավերը, իսկ Սիրիայում՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի օդանավերը:
Բոլոր նշված երկրները ևս վերջին տարիներին հսկայական գումարներ են ծախսել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, սակայն այս առումով ԱՄՆ թերևս գերազանցել է իր բոլոր գործընկերներին, ինչն առաջացրել է թե՛ ընդդիմության և թե՛ քաղաքացիական հասարակության զայրույթն ու դժգոհությունը:
Հանրապետականների մոտ հատկապես վերջին օրերին հերթական բողոքի ալիք էր բարձրացել, երբ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր պետական բյուջեից դարձյալ հավելյալ գումար ուղղել ռազմական բյուջե՝ ԻՊ դեմ ավելի արդյունավետ պայքարելու նպատակով: Դեմոկրատ Օբամայի խնդրած գումարը քննադատական խիստ մոտեցման արժանացավ անգամ իր կուսակիցների շրջանում, ովքեր պնդում են, որ նախագահության վերջին ամիսներին պետք չէ տրվել գայթակղությանն ու հեղինակազրկվել՝ գումարային հարցերի պատճառով: