Իրանը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դավոսում Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը բացառիկ հարցազրույց է տվել CNN-ին՝ խոսելով միջուկային համաձայնագրրի իրականացման և տարածաշրջանային զարգացումների մասին:
Անդրադառնալով տարեսկզբից Սաուդյան Արաբիայի հետ լարված հարաբերություններին՝ Զարիֆն ասել է, որ սաուդական թագավորությունը «խուճապի մեջ է» Թեհրանի և Արևմուտքի միջև լարվածության հնարավոր թուլացման պատճառով:
«Մենք վստահ ենք, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան երկու կարևոր խաղացողներ են տարածաշրջանում, որոնք կարող են ընդառաջ գնալ միմյանց, լրացնել մեկը մյուսին: Դժբախտաբար, սաուդցիներին թվում էր, թե կարող են իրենց արևմտյան դաշնակիցների աջակցությամբ Իրանին դուրս մղել տարածաշրջանից: Հիմա նրանց դաշնակիցները հասկացան, որ Իրանը կարևոր գործընկեր է», - նշել է Զարիֆը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպած 19 մահապարտից 11-ը սաուդացիներ էին: Նա նշել է, որ հենց «Սաուդյան Արաբիայի վահաբիական գաղափարախոսությունն է մեղավոր տարածաշրջանում և Արևմուտքում մոլեգնող ծայրահեղականության համար»:
Խոսելով Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների հնարավորության մասին՝ Իրանի արտգործնախարարն ասել է, որ դժվարությամբ ձեռքբերված համաձայնագրի իրականացումից հետո «հույսերը մեծ են»: Խոսելով բանտարկված ամերիկացի քաղաքացիների ազատ արձակման մասին՝ Զարիֆն ասել է, որ «դա կարևոր ձեռքբերում էր, որը հաջողվեց իրականացնել համատեղ ուժերով»:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին, Զարիֆն ասել է, որ դրանք իրականում անհիմն են: «Միացյալ Նահանգները ֆիքսվել է հրթիռների վրա: Ես դա անվանում եմ կախվածություն, որն ԱՄՆ-ում ոմանք ունեն պատժամիջոցներից, ճիշտ այնպես, ինչպես ծխող մարդիկ: Այնպես որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ը մեկընդմիշտ հստակեցնի իր համար, որ պատժամիջոցները չեն օգնում: Իրանի դեպքում մշտապես աշխատում են բանակցություններն ու հարգանքը»,- նշել է Իրանի արտգործնախարարը: