Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հերթական անգամ խոսել է անկախ քրդական պետության ստեղծման մասին: Նա կոչ է արել միջազգային ղեկավարներին ընդունել, որ «Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որը հանգեցրեց ժամանակակից Մերձավոր Արևելքի սահմանների վերաձևմանը, տապալվել է»: Բարզանին կոչ է արել նրանց նոր համաձայնագիր մշակել՝ ճանապարհ հարթելով քրդական պետության համար, հայտնում է The Guardian-ը:
Նրա խոսքերով միջազգային հանրությունը սկսել է հասկանալ, որ, մասնավորապես, Սիրիան և Իրաքն այլևս երբեք միասնական չեն լինելու, և «պարտադրված համագոյակցությունն» այս տարածաշրջանում սխալ էր: «Անկախ նրանց դրական կամ բացասական պատասխանից՝ այսպիսին է իրականությունը»,- նշել է Քրդստանի առաջնորդը:
Մասուդ Բարզանին խոսում է Առաջին աշխարհամարտից հետո ամրագրված է Սայքս-Պիկոյի (1916 թվական) համաձայնագրի մասին: 1916 թվականի մայիսին բրիտանացի և ֆրանսիացի դիվանագետներ Մարկ Սայքսը և Ժորժ Պիկոն գաղտնի համաձայնագիր ստորագրեցին, որով իրենց միջև բաժանեցին դեռևս չտապալված Օսմանյան կայսրությունը: Գործարքի համաձայն՝ Անգլիան իր վերահսկողությունը հաստատեց Իրաքի և Հորդանանի, ինչպես նաև Հայֆայի վրա, իսկ Ֆրանսիան ստացավ ներկայիս Թուրքիայի հարավարևելյան շրջանները, հյուսիսային Իրաքը, Սիրիան և Լիբանանը: Պաղեստինում նախատեսվում էր միջազգային վերահսկողություն հաստատել:
Հենց Սայքս-Պիկոյի համաձայնագիրն էլ հիմք հանդիսացավ Մերձավոր Արևելքում այսպես կոչված «ազգային պետությունների» ստեղծման համար: Սայքս-Պիկոյի համաձայնագիրը պատմական, մշակութային և քաղաքական իմաստով միասնական տարածքը բաժանեց մի քանի պետությունների: Այսպես ի հայտ եկան Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Պաղեստինը:
Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները նոր աշխարհաքաղաքական պայմաններ ստեղծեցին քրդերի համար, որոնք, այսպես կոչված, «արաբական գարունը» դիտարկում էին իբրև անկախանալու հնարավորություն: Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին վերջին շրջանում հաճախ է հայտարարում, որ քրդական անկախության հռչակման համար «հարմար ժամանակներն են մոտենում»: