Թուրքիայի տնտեսությունը վերջին տասնամյակում, մասնավորապես` Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) կառավարման առաջին տարիներին, արձանագրում էր որոշակի տնտեսական հաջողություններ: 2002-2006թթ. ընթացքում միջին տնտեսական աճը կազմում էր տարեկան 7.2 տոկոս, ինչը հանգեցրեց նաև Թուրքիայի դերակատարության բարձրացմանը տարածաշրջանում: Շարունակելով իր նախորդների կողմից նախաձեռնած տնտեսական բարեփոխումները և պահպանելով համապատասխան հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը՝ թուրքական իշխանություններին հաջողվեց հասնել մակրոտնտեսական կայունության, որն էլ անհրաժեշտ էր օտարերկրյա կապիտալը ներգրավելու հարցում:
Սակայն, այս պատկերը երկրում տիրող գնաճի, արտարժույթի ճնշման, աճող հարկաբյուջետային ծախսերի, գործազրկության, ընդհանուր պարտքի, արտահանման մրցունակության կորստի, ինչպես նաև երկարաժամկետ կառուցվածքային գործոնների պատճառով միանագամայն փոխվեց վերջին տարիներին: Իսկ այդ կառուցվածքային գործոնների հիմնարար պատճառը Թուրքիայի՝ օտարերկրյա ներդրումների նկատմամբ կախվածությունն է: Թուրքիայի բավականին բարձր կախվածությունը օտարերկրյա կապիտալի ներհոսքից, ինչպես նաև ընթացիկ հաշվի պակասուրդը, վերջինիս դարձրել են մեծապես խոցելի արտաքին ցնցումների նկատմամբ: Բացի այդ, ԱԶԿ-ի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը շատ հաճախ հանգեցնում է օտարերկրյա ներդրողների զայրույթին և անվստահությանը վերջիններիս նկատմամբ:
Այս մասին է վկայում 2015 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ հրապարակված վճարային հաշվեկշռի արդյունքները, որոնք փաստում են, որ արտաքին ռեսուրսների ներհոսքը, որը 12-13 տարի ապահովում էր Թուրքիայի տնտեսական աճը, տարվա ընթացքում էականորեն նվազել է:
Վճարային հաշվեկշռի տվյալները, որոնք ներառում են 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արտարժութային շարժը, ցույց են տալիս, որ դեպի Թուրքիա գրանցված կապիտալի ներհոսքի ընդհանուր գումարը՝ ուղղակի ներդրումների, պորտֆելային ներդրումների և այլ ներդրումների տեսքով (վարկեր և բանկային ավանդներ) առաջին 11 ամիսների ընթացքում մնացել են 10.8 մլրդ դոլարի սահմաններում:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքն առաջին 11 ամիսների ընթացքում կազմել է 9.2 մլրդ դոլար: Ավելին, այս ամենի 3.7 մլրդ դոլարը բաժին է հասել ներդրումներին անշարժ գույքի ոլորտին: Այլ կերպ ասած, օտարերկրացիների կողմից գույքի ձեռքբերումը ներկայացվում է որպես «օտարերկրյա ներդրում»: Երբ առանձնացնենք այդ գումարը, ապա պարզ է դառնում, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 5.5 մլրդ դոլար:
Սակայն, հիմնական կորուստը եղել է օտարերկրյա ներդրումների ֆոնդային բորսայում: Չհաշված պորտֆելային ներդրումների աճը՝ 2015 թ հունվար-նոյեմբեր ամիսների ժամանակահատվածում մոտ 15 մլրդ դոլարի անկում է արձանագրվել:
Վարկերից և բանկային հաշիվներից կազմված օտարերկրյա մյուս ներհոսքից ստացվել է 16.3 մլրդ դոլար եկամուտ, որը նույնն է, ինչ 2014-ին: Սակայն, եթե թվարկենք նշված երեք կետերը, ապա պարզ է դառնում, որ եթե օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2014 թ հունվար-նոյեմբերին ամիսներին կազմել է 40.4 մլրդ դոլար, ապա նույն ցուցանիշը 2015 -ին կազմել է 10.8 մլրդ դոլար: Այլ կերպ ասած, տեղի է ունեցել 29,6 մլրդ դոլարի ՝ այսինքն 73%-ի նվազում: Սա ակնհայտորեն կտրուկ ու ցավոտ անկում է:
Բացի այդ, օտարերկրյա արտարժույթի ներհոսքի անկման հետ դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ կտրուկ աճ գրանցեց և 2015-ին միջինն ավելացավ 2.72 լիրայով, իսկ 2014-ին միջինը կազմում էր 2.19 լիրա: Այլ կերպ ասած, դոլարի արժեքի հասույթը լիրայի նկատմամբ գերազանցել է 24 տոկոսը:

Դոլարի փոխարժեքն, ինչը 2015-ին ժամանակ առ ժամանակ գերազանցել է 3 լիրան, ինչպես և սպասվում էր խոչընդոտ հանդիսացավ ներմուծման համար: Այս իրավիճակը հանգեցրել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի նվազմանը: Իսկ ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2015-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում մնացել է 27.8 մլրդ դոլար, իսկ նույն ցուցանիշը 2014-ին կազմել է 39.6 մլրդ դոլար:
Հարկ է նաև նշել, որ արտասահմանյան կապիտալի հոսքը դեպի «զարգացող շուկաներ», որոնց թվին է պատկանում է նաև Թուրքիան, դանդաղել է 2014-ին:
Ավելին, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Մեքսիկան նույնպես հայտնվել են ծանր վիճակում: Միջազգային ֆինանսների ինստիտուտի տվյալները ցույց են տալիս, որ օտարերկրյա կապիտալի ներհոսքը, որը պարբերաբար հոսել է 2003 և 2007թթ. ընկած ժամանակահատվածում, կանգ է առել 2008 -ին և սկսել է կրկին հոսել զարգացող երկրներում: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ ԱՄՆ Կենտրոնական բանկը ազդանշան էր տալիս փոխարժեքի աճի վերաբերյալ, այս ժամանակավորապես կանգ առած օտարերկրյա կապիտալը շրջվեց ԱՄՆ-ի կողմը: Գումարի ներհոսքը զարգացող երկրներում, որը 2014-ին նվազել էր մինչև 32 մլրդ դոլարի 2015 թ.-ին հանգեցրեց 540 մլրդ դոլարի դուրսբերման:
Միջազգային ֆինանսների ինստիտուտը կանխատեսում է, որ այս կապիտալի դուրսբերումը շարունակվելու է 2016–ին և հասնելու է 306 մլրդ դոլարի, ինչը միանգամայն վատ է անդրադառնալու Թուրքիայի և առհասարակ բոլոր զարգացող երկրների տնտեսության վրա, և դա նշանակում է, որ տեղական արժույթների արժեքի կորուստը դոլարի նկատմամբ շարունակվելու է: Ավելի թանկ դոլարը նշանակում է ավելի քիչ ներմուծում և ավելի քիչ աճ այդ երկրներում: