Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է, և այդ կարևորությունը պայմանավորված է Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո սերն ու ողորմությունն ընդունելու և Տիրոջ պատվիրաններով ապրելու հոգևոր խորհրդով: Հոգևոր այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար է. այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները:
Իսկ հարցը՝ Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է, պետք է դիտարկել ոչ թե հոգևոր այս խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից:
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն՝ խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով, ժողովրդական ավանդության մեջ, Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու «տաբուն» վերացնելու հիմնական առիթ: Նախկինում, ընդունված կարգի համաձայն, նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների և հատկապես աներոջ հետ հանդիպել: Միայն Տրնդեզի կրակի վրայով ցատկելն էր վերացնում այդ արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն:
Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը, ժողովրդական ավանդույթի համաձայն, վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին: Նշենք նաև, որ Տեառնընդառաջն Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր: