Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է, թե արդյոք միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Թուրքիայի ձեռնարկած գործողությունների արդյունքում միգրանտների հոսքը ԵՄ նվազում է, թե՝ ոչ: Այս մասին հայտարարել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
«Հարկ է նշել, որ միգրանտների կազմը փոխվել է: Սիրիացիներն այժմ կազմում են միգրանտների ընդհանուր հոսքի 40 տոկոսը», -հայտարարել է Հանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ միգրանտների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու համար Անկարան արդեն ուժեղացրել է երկրի ծովային սահմանների հսկողությունը, վիզային սահմանափակումներ է մտցրել, իսկ միգրանտների կյանքը երկրի տարածքում հեշտացնելու համար՝ նրանց աշխատանքի իրավունք տրամադրելու մասին որոշում է ընդունվել:
Հատկանշական է, որ չնայած ձեռնարկված քայլերին՝ Թուրքիան մինչ այժմ ԵՄ խոստացված 3 միլիարդ եվրո գումարից ոչ մի տրանշ չի ստացել, քանի որ Իտալիան արգելափակել է Եվրահանձնաժողովի որոշումը: ԵՄ շատ երկրներ և հատկապես սահմանային Իտալիան ու Հունաստանը պնդում են, որ Թուրքիան անհրաժեշտ քայլեր չի ձեռնակել միգրացիոն հոսքը կրճատելու համար: Չնայած որոշ երկրների նման դիրքորոշմանը, ինչպես նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը, Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու մասին խոստումը մնում է ուժի մեջ: Ըստ նրա՝ այդ գումարի մի մասն արդեն ընդգրկված է ԵՄ 2016 թվականի բյուջեում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտարարել է, որ Թուրքիայում միգրանտներին պահելու և ԵՄ նրանց հոսքը կասեցնելու համար Եվրամիությունը միջոցներ կտրամադրի «խելամիտ ժամկետներում»:
Մոգերինին ընդգծել է, որ խոսքը ոչ թե այն գումարների մասին է, որոնք պետք է տրվեն թուրքական ղեկավարության, այլ՝ միգրանտների համար ծրագրերի իրականացման համար նախատեսվածների գումարների մասին է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ կողմերը համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի հաղթահարման պլան, ըստ որի՝ Անկարան կստանա 3 մլրդ եվրո ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կագնեցնելու համար՝ ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի ազատականացման և անդամակցության բանակցությունների վերսկսման դիմաց: Նշվում է, որ Թուրքիայում այժմ գտնվում է 2.5 մլն սիրիացի և 300 հազար իրաքցի փախստական: