Ռուսաստանից հետո Հունաստանն ու Իսրայելը ևս մեղադրում են Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթ գնելու մեջ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Պանոս Կամենոսը և Մոշե Յաալոնը հայտարարել են Աթենքում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Իսրայելի պաշտպանության նախարարն ուղղակիորեն մեղադրել է Անկարային իսլամիստների ֆինանսավորման մեջ: «Ինչպես գիտեք, ԻՊ-ն արդեն շատ վաղուց ստանում է թուրքական փողերը՝ նավթ վաճառելով նրան: Ես հույս ունեմ, որ սրան վերջ կդրվի: Ժամանակն է, որ թուրքական ղեկավարությունը վերջապես որոշի՝ միանու՞մ է ահաբեկչության դեմ պայքարին, թե՞ ոչ», - ասել է Մոշե Յաալոնը` ընդգծելով, որ «Թուրքիան մատների արանքով է նայում իր տարածքով ջիհադիստների տեղաշարժին»:
Իսկ Հունաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ «Անկարան ձեռք է բերում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում արդյունահանվող նավթի մեծ մասը՝ այսպիսով ֆինանսավորելով ահաբեկիչներին»: Պանոս Կամենոսը կոչ է արել Թուրքիային միջոցներ ձեռնարկել փախստականների հոսքը Եվրոպա կասեցնելու համար:
Նշենք, որ Թուրքիան հերքում է ԻՊ-ի հետ նավթային գործարքների գոյությունը: Միացյալ Նահանգները ևս նախորդ ամիս հերքեց թուրքական կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի դեմ Ռուսաստանի մեղադրանքները:
Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը նման խիստ քննադատության է ենթարկում թուրքական ղեկավարությանը: Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել նաև այն պատճառով, որ 2015 թվականի վերջերին լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում Թուրքիայի և Իսրայելի միջև գաղտնի բանակցությունների մասին, որոնց նպատակը կողմերի միջև 2010 թվականից վատթարացած հարաբերությունների կարգավորումն էր: