Շվեդիայի իշխանությունները պահանջել են ոստիկանությունից և երկրի միգրացիոն գործակալությունից ետ ուղարկել շուրջ 80.000 փախստականների, ովքեր այստեղ էին ժամանել դեռևս 2015 թ.- ին:
Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Յգեմանը հայտնել է, որ տեղահանումն իրականացվելու է հատուկ չարտերային ինքնաթիռներով՝ հաշվի առնելով մարդկանց հսկայական թվաքանակը:
Ավելի քան 160,000 մարդ անցյալ տարի ապաստան է ստացել Շվեդիայում: Եվ դեռ ընթացքի մեջ բազմահազար դիմումներ կան նույն ապաստանի խնդրով:
Շվեդիան, որի բնակչությունը կազմում է 9,8 միլիոն մարդ, մեկն է Եվրոպական միության այն անդամ - երկրներից, որն համեմատած իր բնակչության հետ՝ ամենամեծ թվով փախստականներին է վերցրել:
Միևնույն ժամանակ, նշենք, որ այժմ էլ փախստականները սկսել են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, դատարանն էլ իր հերթին խոստացել է ընդունել բոլոր հայցերն ու հավուր պատշաճի քննել փախստականների գործերը:
«Ներկայումս միգրացիոն ճգնաժամը դեռևս այդքան մեծ ազդեցություն չի թողել դատարանի վրա քանակական առումով, սակայն մենք պետք է մշակենք հստակ գործողությունների ծրագիր, որպեսզի առաջիկայում կարողանանք ինտենսիվ կերպով զբաղվել նմանատիպ հայցերի հնարավոր ներհոսքով», - հայտարարել է ՄԻԵԴ-ի նախագահ Գուիդո Ռայմոնդը:
Ուստի զարմանալի չի լինի, եթե շատ շուտով փախստականները սկսեն ՄԻԵԴ-ի միջոցով իրենց շահերը պաշտպանելու արդյունքում գումարներ շահել տարբեր ԵՄ անդամ-երկրներից՝ այդպիսով «վրեժխնդիր լինելով» նրանցից իրենց չընդունելու և ապաստանով չապահովելու համար: