Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիրակի օրը Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքում չեն կարողացել հասնել հաջողության և վերջապես գործարք կնքել: Երկու պաշտոնյաներն էլ համաձայնել են, որ անհրաժեշտ են ևս 24- ժամյա «բեկումնային» քննարկումներ հարցի լուծման համար:
Քեմերոնի գրասենյակում հայտարարել են, որ Լոնդոնն ու Բրյուսելը պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի կողմից ներգաղթյալների սոցիալական վճարների անհապաղ սահմանափակման մասին։
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման մասին բանակցություններն անցկացվում են ԵՄ-ի փետրվարյան գագաթաժողովի ֆոնին, որում կարող է գործարք կնքվել Լոնդոնի ու Բրյուսելի միջև։ ԵՄ ղեկավարների գագաթաժողովը, ինչպես սպասվում է, տեղի կունենա փետրվարի 18-19-ին:
Նշենք, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ին հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեն Միացյալ Թագավորության իշխանությունները խոստացել են անցկացնել մինչև 2017թ.-ի ավարտը: Այնուհանդերձ, Քեմերոնի խոսքով, այն կարող է անցկացվել արդեն այս տարի, եթե հաջողվի դաշինքի վերափոխման մասին համաձայանագիրը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նոյեմբերին հանդես է եկել ԵՄ-ից միգրանտներին աշխատանքային նպաստների վճարումը և նրանց հարկային արտոնությունների տրամադրումն օրենսդրորեն սահմանափակելու նախաձեռնությամբ, որը մեկն է այն չորս ոլորտներից, որոնց մասին քանիցս խոսել է Քեմերոնը:
Դրանք են բիզնես մրցունակությունը բարելավելը, ԵՄ միգրանտների սոցիալական նպաստներ պահանջելու իրավունքները սահմանափակելը, լիազորություններն ազգային կառավարություններին վերադարձնելն ու եվրոգոտու սահմաններից դուրս գտնվող ԵՄ անդամների իրավունքները պաշտպանելը:
Առաջինը ներառում է ազատ առևտրի և շուկայական հարաբերությունների խթանումը, երկրորդը՝ միգրանտներին տրվող տարատեսակ նպաստների կտրուկ նվազեցումը̦, երրորդը պահանջում է ավելի մեծ դեր ու նշանակություն տալ ազգային խորհրդարաններին̦, իսկ չորրորդը Եվրոգոտու մեջ չմտնող երկրների̦իրավունքների պաշտպանությունը, որոնցից է հենց Մեծ Բրիտանիան:
Բրիտանիայի հեռացումը Եվրոպական միության կազմից մեծ վնաս կհասցնի ԵՄ-ին̦ քանի որ ՄԲ-ն երկրորդ ամենամեծ տնտեսությունն է կառույցի կազմում̦ ինչպես նաև լավագույն երկու ռազմական ուժերից մեկը: Մեծ Բրիտանիան̦ սակայն̦ իր հերթին կարող է վնասներ կրել̦ քանի որ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում նրան սպառնում է Շոտլանդիայի անկախացման հարցի ակտիվացումը: