Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քրդական պետության ստեղծման մասին հանրաքվեի անցկացման ժամանակը եկել է, փոխանցում է kurdistan.ru-ն։
«Եթե քրդերը չձեռնարկեն այդ գործը, ապա ուրիշները երբեք չեն ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը: Այժմ ամենաճիշտ ժամանակն է, որպեսզի քուրդ ժողովուրդն ինքնորոշվի: Քրդերն իրենց անկախ պետությունը ստեղծելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունեն»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ քուրդ ժողովրդի այդ իրավունքը չպետք է զոհաբերվի քաղաքական որևէ շահի:
Բարզանին նաև ընդգծել է, որ քանի դեռ քրդերի իրավունքներն անտեսվում են, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել: Ավելի վաղ բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում Բարզանին նշել է, որ Մերձավոր Արևելքում պետությունների միջև սահմանները պետք է վերագծել, քանի որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրն այլևս կենսունակ չէ:
Իրաքում ԻՊ դեմ քրդերի արդյունավետ պայքարի և դրա հետ կապված Էրբիլի նկատմամբ Արևմուտքի համակրանքի մեծացման ֆոնին իսկապես իրաքյան քրդերի համար անկախանալու բավականին հարմար պահ է: Մերձավորարևելյան քաոսում Իրաքյան Քրդստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի և նրա դաշնակից Իսրայելի համար ռազմավարական կարևոր գործընկեր:
Սակայն, հարկ է նշել, որ չնայած քրդերի անկախանալու ցանկությանն աջակցելուն՝ Արևմուտքը պնդում է, որ Իրաքյան Քրդստանի անկախանալու գործընթացի մեկնարկը հետաձգվի մինչև Բաղդադի հետ վերջինիս ունեցած տարաձայնությունների կարգավորումը, որը, սակայն, փորձագետների կարծիքով մոտ ապագայում կանխատեսելի չէ:
Փոխարենը՝ անկախության հանրաքվեի մասին Բարզանիի հայտարարությունը վերլուծաբանների կարծիքով կարող է Քրդստանում քաղաքական ճգնաժամ առաջացնել: Հարկ է նշե նաև, որ ինքնավարության քաղաքական առաջնորդների հետ վերջին հանդիպման ժամանակ Բարզանին հայտարարել է, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով վայր դնել իր լիազորությունները և ամբողջությամբ աջակցել Քրդստանի նոր առաջնորդին: Սակայն անկախության երկարատև գործընթաց սկսելու մասին նրա հայտարարությունները, միանգամայն այլ բանի մասին խոսում…