ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահի պաշտոնում իր առաջին այցն է կատարել Միացյալ Նահանգների տարածքում` Բալթիմորում, գտնվող մզկիթ` կոչ անելով բոլորին վերջ տալ հակամուսուլմանական հռետորաբանությանը:
Նախագահի պաշտոնում Օբաման բազմիցս այցելել է մզկիթներ օտարերկրյա ուղևորությունների ժամանակ, սակայն ոչ մի անգամ ԱՄՆ-ում։ Իսկ Բալթիմորի մուսուլմանական համայնքն ամենամեծն է ԱՄՆ-ում։
«Ես անընդունելի եմ համարում ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների հասցեին հնչող ագրեսիվ հռետորաբանությունը: Կարծում եմ՝ ամերիկյան հեռուստաալիքները կարող են օգնել այս հարցում` իրենց հեռուստանախագծերում ներառելով ավելի շատ մուսուլման կերպարների: Կար ժամանակ, երբ մեր հեռուստատեսությունում ընդհանրապես սևամորթներ չկային, իսկ այսօր այդ խնդիրն այլևս չկա: Կարծում եմ, որ մուսուլմանների ճիշտ ընկալման խնդիրը կարող է մասամբ լուծվել այս տարբերակով», - New York Times-ը մեջբերում է Օբամայի խոսքերը:
Նախագահը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր երբևէ չեն այցելել մզկիթ ու բացասական վերաբերմունք ունեն դրա նկատմամբ»: Օբաման նրանց կոչ է արել փոխել իրենց կարծիքն ու մզկիթներին վերաբերվել որպես մի վայր, որտեղ մարդիկ գալիս են արտահայտելու իրենց սերն առ Աստված: Նա հավանաբար նկատի ուներ հանրապետականների նախագահական առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփին, որն առաջարկում է ժամանակավորապես արգելել մահմեդական ցանկացած ներգաղթյալի մուտքն ԱՄՆ-ի տարածք:
«Մենք ամերիկյան մի ընդհանուր ընտանիք ենք, և երբ ընտանիքի մի մասն իրեն զգում է առաձնացած կամ որպես երկրորդ դաս, մասնատում է մեր ամբողջ ժողովրդի էությունը», - հայտնել է նախագահը:
Բալթիմորի Մահմեդական ընկերակցությունում Օբաման հավաքվածներին հայտնել է նաև, թե ինքը մեծապես մտահոգված է Ամերիկայի մահմեդականների նկատմամբ այսօր նկատվող թշնամական դրսևորումներից: