Անօրինական ազատազրկման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը որոշում է ընդունել հօգուտ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի: ՄԱԿ-ի պաշտոնյաներն անօրինական են համարել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից դուրս գալու դեպքում Ասանժին կալանավորելու բրիտանացիների սպառնալիքը՝ այն որակելով որպես ապօրինի ձերբակալություն, հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադիրը հայտարարել էր, որ պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի աշխատանքային խումբը չբավարարի իր հայցը։ Հակառակ դեպքում, Ասանժին սպասվում է անձնագրի շուտափույթ վերադարձ և ձերբակալության փորձերի դադարեցում։
Ասանժն Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականի հունիսից: Շվեդիայի իշխանությունները նրան կասկածում են սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ, իսկ ԱՄՆ-ում նրան պետական գաղտնիքների հրապարակման համար ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սպառնում գաղտնի դիվանագիտական նամակագրությունների հրապարակման համար։ Ասանժը դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն ու ապաստան ստացել այնտեղ։ Ասանժը համոզված է, որ իրեն Շվեդիային արտահանձնելուց հետո, վերջինս, ամենայն հավանականությամբ, կարտահանձնի ԱՄՆ-ին:
Ասանժը Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ի անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին հայց էր ներկայացրել 2014 թվականի սեպտեմբերին: Նրա գործով վերջնական որոշումը կկայանցվի ուրբաթ։ «Եթե ՄԱԿ-ի Անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը որոշում ընդունի հօգուտ Ասանժի, ապա Մեծ Բրիտանիան և Շվեդիան պետք է անհապաղ ազատեն նրան և փոխհատուցում վճարեն»,- ասվում է justice4assange կայքում, որը լուսաբանում է Ասանժի հասցեին մեղադրանքների գործով վարույթը:
Սակայն Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն արդեն հայտարարել է, որ ամեն դեպքում, եթե Ասանժը լքի Էկվադորի դեսպանատան տարածքը, բրիտանական ոստիկանությունը կձերբակալի նրան, քանի որ Շվեդիան չի հանել նրա դեմ ներկայացված մեղադրանքները և ձերբակալման եվրոպական օրդերը դեռ ուժի մեջ է:
Անօրինական ազատազրկման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող մարմին է, որն զբաղվում է առանձին անհատների ներկայացրած հայցերի քննությամբ: Ընդ որում, հետաքրքրված կողմին ներկայացնող երկրի ներկայացուցիչն ըստ ընթացակարգի չի մասնակցում քննությանը: Քննության արդյունքում աշխատանքային խումբը վերջնական եզրակացություն է ընդունում և համապատասխան երաշխավորագրեր ներկայացնում տվյալ երկրի կառավարությանը, ինչը, սակայն, իրավական ուժ չունի: