Կանադայում լույս տեսնող «Հորիզոնը», հղում կատարելով mirrorspectator.com-ին, գրում է, որ առաջին անգամ անգլերեն թարգմանվել և Արա Ղազարյանի խմբագրութեամբ ու ներածականով հրատարակվել է «Ռուստամի հուշերը. Նապոլեոնի մամլուք կայսերական թիկնապահը» գիրքը (The Memoirs of Roustam: Napoleon’s Mamlik Imperial Bodyguard), որը գրված է ֆրանսերենով: Այս մասին հաղորդում է arevelk.am-ը: Գիրքը ներկայացնում է Օնորե դը Բալզակի, Լև Տոլստոյի, Ֆյոդր Դոստոևսկու կողմից իբրև կերպար օգտագործված, բազմաթիվ գեղանկարներում անմահացած Ռուստամ Ռազայի՝ Ռուստամ Խաչատուրեանի հետաքրքիր ու բարդ կյանքը: Հայտնի է, որ Ռուստամը (1781-1845) փոքր տարիքում Կովկասից առևանգվել և բազմաթիվ անգամ վաճառվել է իբրև գերի: Նա, իբրև մամլուք (պատանի զինվորներից կազմված դասի ներկայացուցիչ միջնադարյան Եգիպտոսում) վարժեցվել է Եգիպտոսում, որից հետո շուրջ 15 տարի եղել է Նապոլեոնի թիկնապահն ու նրա վստահելի մարդը:
Աշխարհի տարբեր երկրներում գործած հայ զինվորականների մեջ Ռուստամը եղել է ամենաարտասովոր կերպարը, քանի որ ստրուկից դարձել է Ֆրանսիայի կայսեր «աջ ձեռքը»:
Գրքի առաջաբանի հեղինակը նշել է, թե փաստեր կան, որ Ռուստամը դրական ազդեցություն է ունեցել Նապոլեոնի վրա՝ «Սուրբ Ղազար» կղզու «Սուրբ Խաչ» եկեղեցու և Մխիթարյան վանքի հետ կապված ինչ-ինչ հարցերում։
Չնայած որոշ աղբյուրներ նշում են, թե Ռուստամը վրացի է կամ ադրբեջանցի, իր հուշերում, հստակ գրված է, որ ինքը ղարաբաղցի հայ է:
Նապոլեոնից հետո Ռուստամը գրասենյակային աշխատանք է կատարել Լուի Ֆիլիպ թագավորի աշխատակազմում: Նա Ֆրանսիայի միակ մամլուքն էր, որին թույլատրված էր ավանդական տարազ կրել, որով էլ աչքի էր ընկնում երկրում: Թաղված է Դուրդանում: Ռուստամի հուշերը լույս են տեսել մի քանի լեզուներով: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1866-ին, որից օգտվել են Նապոլեոնի կենսագիրները: