Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հալեպի պաշարման հետևանքով Թուրքիայի սահմանին միգրանտների հերթական կուտակման ֆոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայացքը ուղղել է դեպի Անկարա: Անկարայում Մերկելը հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Սա Մերկելի արդեն երկրոդ այցն է Թուրքիա վերջին 4 ամսվա ընթացքում: Այցի ընթացքում ենթադրվում է, որ Մերկելը պետք է փորձի համոզել թուրքական իշխանություններին ձեռնարկել այնպիսի միջոցառումեր, որ այդ միգրանտները չհայտնվեն Եվրոպայում: «Մենք Թուրքիայից սպասում ենք միջոցների ձեռնարկում Էգեյան ծովով դեպի Հունաստան անօրինական միգրացիայի կանխարգելման դեմ: Փոխարենը մենք պետք է օգնենք Թուրքիային բարելավել միգրանտների վիճակն իր տարածքում», - կանցլերի աշխատակազմի ղեկավար Պիտեր Ալտմաերի խոսքերը մեջ բերում է Bloomberg գործակալությունը:
Թուրքիա Մերկելի այցին նախորդել էին Ստրասբուրգում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միգրացիոն ճգնաժամի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ խորհրդակացությունները: Օլանդն ու Մերկելը համաձայնության էին եկել, որ Եվրահանձնաժողովի կողմից առաջադրված պլանը, որը նախատեսում է նաև դեպի Եվրոպա միգրացիոն հոսքը կանխելու համար Թուրքիային ֆինանսական օգնության տրամադրում, առաջնային է: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի վերջին Մերկելի ակտիվ քարոզարշավի շնորհիվ ԵՄ-ն համաձայնեց միգրանտներին Թուրքիայի տարածքում պահելու համար վերջինիս 3 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրել, սակայն Անկարան հայտարարեց ևս 2 մլրդի անհրաժեշտության մասին:
Վերջին շրջանում Թուրքիան, որն սիրիական հակամարտության սկզբից ընդունել է մոտ 2,5 մլն փախստական, Սիրիայի հետ սահմանը փակ է պահում, ինչը մարդասիրական կազմակերպությունների փոխացմամբ աղետալի վիճակ է ստեղծել: Եվրամիությունը պնդում է, որ Թուրքիան բաց պահի իր սահմանները փախստականների համար, սակայն միևնույն ժամանակ ճնշում է գործադրում Անկարայի վրա, որպեսզի վերջինս կանգնեցնի փախստականների հոսքը Եվրոպա: