Բոսնիայում շուրջ 2000 կին է բողոքի դուրս եկել օրերս ընդունված օրենքի դեմ, որով արգելվում է մուսուլմանական գլխաշորեր կրել դատարաններում և այլ իրավապահ կառույցներում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկրի գերագույն դատական խորհրդի սահմանած արգելքը վերաբերում է բոլոր կրոնական խորհրդանիշներին, սակայն դրանում առանձնակի ուշադրություն է դարձվում հիջաբի խնդրին: Ցույցի մասնակից կանայք երթ են իրականացրել Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում: Նրանցից ոմանք կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Հիջաբն իմ իրավունքն է»: Նման արգելի սահմանումը քննադատել են նաև բազմաթիվ մուսուլման առաջնորդներ՝ այն որակելով անարգանք մահմեդականների պատվի, անձի և ինքնության նկատմամբ»:
Բոսնիայի կոմունիստական իշխանությունների կողմից հիջաբ կրելն արգելված է եղել միչև 1992թ., երբ երկիրը դեռևս նախկին Հարավսլավական հանրապետության մաս էր կազմում: Մուսուլմանները կազմում են Բոսնիայի 3.8 միլիոն բնակչության 40%-ը: Բնակչության մյուս մասը կազմում են ուղղափառները և կաթոլիկները: