ԱՄՆ-ը հասկանում է Սիրիայի քրդական զինված խմբերի հետ կապված Թուրքիայի մտահոգությունները, բայց մտադիր է շարունակել աջակցություն տրամադրել նրանց: «Մենք չենք ճանաչում Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը (Kurdish Democratic Union Party, PYD) որպես ահաբեկչական կազմակերպություն: Մենք ընդունում ենք, որ թուրքերը ճանաչում են», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Ինչպես նշում է թուրքական Today’s Zaman-ը, Քիրբին նշել է, որ Սիրիայի քրդական զինյալների հետ կապված Թուրքիայի մտահոգությունները նոր չեն, և երկու դաշնակիցները շարունակում են խորհրդակցություններ անցկացնել խնդրի շուրջ:
«Անգամ ընկերներն ամեն ինչում համաձայն չեն: Մենք ընկերներ ենք, և մենք չենք պատրաստվում մշտապես ամեն ինչում համաձայնվել», - ասել է Քիրբին: Թեև ԱՄՆ-ը հասկանում է, թե «թուրքական սահմանի մոտ ընթացող պայքարն ինչ շոշափելի, իրական, մարդկային ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա», այնուամենայնիվ, մտադիր չէ «ետ կանգնել, երբ հարցը վերաբերվում է «Իսլամական պետության» դեմ պայքարին»: Ի դեպ, Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և PYD-ի միջև համագործակցությունը սահմանափակվում է ԻՊ-ի դեպ պայքարով, գրում է World Bulletin-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներից պահանջել էր ընտրել, թե «ով է իր գործընկերը՝ Անկարան, թե Քոբանիի ահաբեկիչները»՝ սպառնալով հարցը բարձրացնել միջազգային կազմակերպություններում:
Ինչպես և ակնկալվում էր, Վաշինգտոնը հրաժարվում է ընտրություն կատարել՝ շեշտելով, որ «քուրդ զինյալները Սիրիայի ներսում ԻՊ-ի դեմ կռվող ամենաարդյունավետ ուժերից են»: