Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Թուրքիա հանգեցրել է միջազգային խոշոր քննարկումների և տարատեսակ արձագանքների համաշխարհային ԶԼՄ-ների կողմից:
Եվրոպական աղբյուրների մեծ մասը պնդում է, որ Մերկելը չի կատարել իր առաքելությունը, որի համար մեկնել էր Անկարա և դատարկաձեռն է վերադարձել Գերմանիա:
«Գերմանիայի առաջնորդը մեկնել էր Թուրքիա, որպեսզի ստիպեր Անկարային կատարել փախստականների հոսքը դեպի Եվրոպա դադարեցնելու իր ստանձնած պարտավորությունները 3 մլրդ եվրոյի դիմաց, ինչի շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս նոյեմբերին», - մասնավորապես գրում է Politico ամսագիրը, - «փոխարենը սակայն Մերկելն այնտեղ բախվեց նոր բարդությունների և թարմ պահանջների Անկարայի կողմից»:
«Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միգրացիոն ճգնաժամով զբաղվելու ջանքերն արդյունք են Հալեպ քաղաքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի վերջին հարձակումների, ինչպես նաև ռուսական ռմբակոծությունների, որը շուրջ 35,000 սիրիացիների անապաստան է թողել թուրքական սահմանին», - բացատրում է իրավիճակը Deutschland կայքը՝ մեջբերելով Մերկելի խոսքերը, - «Մենք ցնցված ենք մարդկային տառապանքներից, որոնք արդյունք են նաև ռուսական կողմի պայթյունների»:
Մերկելը նշել է նաև, որ ռուսական գործունեությունը հակասում է ՄԱԿ-ի բանաձևին, որը ձգտում է կանխել հարձակումներն անմեղ քաղաքացիների վրա:
Թուրքական Hürriyet թերթը ետ չի մնացել գերմանական ԶԼՄ-ներից՝ իր հերթին մեղադրելով Ռուսաստանին տարածաշրջանի ներկայիս լարվածության մեջ՝ մեջբերելով նախագահ Էրդողանի խոսքերը. «Հանդիպումները կանցլեր Մերկելի հետ վերջին շրջանում հաճախակի են դարձել, ինչը շատ լավ է, քանի որ միասին և ավելի արդյունավետ կերպով կարող ենք լուծել մեզ մտահոգող խնդիրները»:
Ի պատասխան գերմանա-թուրքական բանակցություններին, ռուսական կողմն արտահայտել է իր դժգոհությունն ու զայրույթը:
Ինչպես նշում է ռուսական TASS գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիա կատարած այցի ժամանակ միտումնավոր է քննադատել Ռուսաստանի գործունեությունը Սիրիայում:
«Իհարկե պատահական չէ, որ հենց Անկարայում է Մերկելը մեղադրանքներ հնչեցրել Ռուսաստանի հասցեին. Գերմանիայի կանցլերը շատ լավ հասկանում է, որ թուրք-ռուսական հարաբերություններն այժմ հասել են իրենց առավելագույն լարվածությանը», - հայտարարել է Ալեքսեյ Պուշկովը՝ Ռուսաստանի Պետական Դումայի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ Գերմանիայի կանցլերը չափազանց կոշտ և ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ: