Վերջին շաբաթվա ընթացքում բավական մեծ թիվ կազմեցին եվրոպական պաշտոնյաների այցերը Հայաստան: Երևան այցելեց Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը, Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին, իսկ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ կայանալիք այցի մասին:
Բոլոր հանդիպումների ընթացքում օրակարգային էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչպես նաև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Թե՛ Հայաստանի, թե՛ եվրոպական կողմի ներկայացուցիչները վերահաստատեցին սերտորեն համագործակցելու և առկա հարաբերությունները խորացնելու ցանկությունն ու մտադրությունը: Երկխոսության մեջ բավական կարևոր տեղ հատկացվեց նաև տնտեսական բաղադրիչին: Օրինակ՝ Շվեդիայի հետ կնքվեց գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր, ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարեց, որ երկու կողմն էլ կարող են լավ հիմք դնել հետագայում եվրոպական բիզնեսը Հայաստան բերելու համար և այլն:
Դրական ազդակների թվին կարելի է դասել նաև մի շարք հայտարարություններում, այդ թվում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված այն թեզը, որ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հիմք է ծառայելու նոր իրավապայմանագրային հիմք ապահովող համաձայնագրի համար, և վերջինս ներառելու է քաղաքական, տնտեսական ու ոլորտային համագործակցություն:
Սա նշանակում է, որ չնայած ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հոռետեսական տրամադրություններին՝ ԵՄ-ն շարունակում է դրական ազդակներ ուղղել Հայաստանին, այդ թվում տնտեսական համագործակցության առումով:
Կա, սակայն, մի կարևոր «բայց»: Հայաստանն այս գործընթացում պետք է էլ ավելի մեծացնի ջանքերը՝ ոչ միայն հայտարարելով իր պատրաստակամության և մտադրությունների մասին, այլև ցույց տալով դրանք գործնական օրինակներով: Այս ֆոնին կարող է բավական բացասական ընկալվել Transperancsy international-ի զեկույցում թեկուզ մեկ դիրքով ցուցիչների վատթարացումը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տրված գնահատականները հանրաքվեի վերաբերյալ և այլն: Եթե բնականոն գործընթացի պարագայում այս ցուցիչները կարող էին սովորական թվալ, ներկայիս իրավիճակում Հայաստանից ակնկալիքները զգալիորեն ավելի բարձր են: Եվ դրանց բավարարելու համար շատ հարցերում պետք է ցուցաբերել նախաձեռնողականություն և մեծ քաղաքական կամք:
Եվրոպայից եկող այս դրական ազդակները նպաստավոր միջավայր են ստեղծում ՀՀ-ԵՄ ընթացող բանակցությունների համար և հնարավորություն են տալիս նոր համաձայնագրում հասնելու Հայաստանի համար առավել ցանկալի և նպաստավոր համագործակցության ֆորմատի ու պայմանների ամրագրման:
Այս համատեքստում շատ կարևոր դեր ունի նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որը խթանում է մեր հեղինակության բարձրացմանն ու աջակիցների թվի աճին: