Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ երկրներին միգրացիոն ճգնաժամի հետ կապված սահմանային վերահսկողության սահմանման և Շենգենյան համաձայնագրի չեղարկման դեպքում խոշոր ֆինանսական կորուստների մասին, հայտնում է Deutsche Welle-ն։
Շենգենյան գոտու անկումը կարող է նրա անդամներին մինչև 18 մլրդ եվրո արժենալ՝ ասվում է Եվրահանձնաժողովի ներկայացրած փաստաթղթում։ Մասնավորապես, սահմանին վերահսկողության հավելյալ միջոցառումները ԵՄ երկրներին կարժենան 7.1մլրդ եվրո։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ արդեն ներմուծված սահմանափակումները տարեկան 3 մլրդ եվրո կարժենան։
Միևնույն ժամանակ սահմանային հսկողության վերականգնումը նաև աննուղակի կորուստներ կհասցնի եվրոպական տնտեսությանը: Շենգենի չեղարկումից առաջացած անուղղակի վնասները կանդրադառնան տրանսպորտային և լոգիստիկ ճյուղերին, ինչպես նաև աշխատաշուկային: Վիզային ռեժիմի վերադառնալու պատճառով զբոսաշրջային ոլորտի տարեկան կորուստները կկազմեն 10-20 միլիարդ եվրո:
Անօրինական ներգաղթյալների հսկայական հոսքին դիմակայելու նպատակով Շենգենյան համաձայնագիրը վերանայելու մասին առաջինը բարձրաձայնել է Գերմանիան: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերն հայտարարել էր Գերմանիայի՝ շենգենյան գոտուց դուրս գալու հնարավորության մասին՝ կապված միգրանտների հսկայական հոսքի հետ:
Շենգենյան գոտուց դուրս գալու հնարավորության մասին հայտարարել է նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: «Շենգենյան համաձայնագիրը կարևոր է մեր երկրի տնտեսության համար, սակայն ահաբեկչության վտանգով պայմանավորված հնարավոր է, որ մենք վերանայենք այն՝ անձի նույնականացման և ուղեբեռի ստուգման հարցերում», - հայտարարել էր Բելգիայի վարչապետը:
Այս պահին երեք երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան և Դանիան, վերահսկողություն են սահմանել սահմանների մասին Շենգենյան համաձայնագրի 25-րդ հոդվածի հատկանիշներով՝ պայմանավորված անկանխատեսելի իրադրություններով: Եվս չորս երկրներ՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, վերահսկողության միջոցառումներ են իրականացնում 24-րդ հոդվածով՝ պայմանավորված կանխատեսելի իրադրություններով:
Շենգենյան գոտին, որի մեջ մտնում են ԵՄ անդամ 22 երկիր և եվրոպական 4 երկիր՝ Շվեյցարիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան և Իսլանդիան, ենթադրում է իր սահմաններում ազատ՝ առանց վիզաների տեղաշարժ:
Համաձայնագիրը ստորագրվել է 1985 թվականի հունիսի 14-ին Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում, որը գտնվում է Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանների հատման կետի մոտ։