Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն արձագանքել է, արձագանքում է և կարձագանքի ցանկացած գործողության, որն ազդում է անդամ-երկրների անվտանգության իրավիճակի վրա: Այս մասին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով հայ լրագրողի հարցին, թե ինչն է խանգարում կազմակերպությանը հայտարարություններ անել` ի պատասխան Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի գործողությունների: «Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում: Այս կապակցությամբ ես, կարծում եմ, որ հայտարարությունները, որոնք արվել են այս տարիներին, բավարար են: Չեմ կարծում, որ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում և արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Բորդյուժան հայտարարել էր, որ միջամտության մեխանիզմները կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ պետությունն այլևս ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը և պաշտոնապես դիմում է կազմակերպությանը: