Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի կյանքը և գործունեությունը կամփոփվի մեկ գործողությամբ բալետում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը տեղեկացրեց, որ նոր բեմադրություն է պատրաստում: ««Լա բոհեմ»-ի հիմքում կլինեն Շառլ Ազնավուրի երգերը: Այն կներկայացնի Շառլ Ազնավուրի ուղին: «Լա բոհեմ»-ը մոտ 40 րոպեանոց 1 գործողությամբ բալետ է: Ամենահայտնի երգերն են լինելու: Չնայած` Ազնավուրի մոտ բոլոր երգերն էլ հայտնի են, շատ դժվար է ընտրել»,- նշեց Ռուդոլֆ Խառատյանը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստերի խոսքով` բալետում կներկայացվի Ազնավուրի` որպես արտիստի կայացման ողջ ուղին, այն, թե ինչպես նա հանդիպեց Էդիթ Պիաֆին և ինչերի միջով անցավ: Խառատյանի հավաստիացմամբ` ներկայացումը թատրոնում հնարավոր կլինի դիտել 2016-ի աշնանը: