Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելությունը խաղաղապահների կողմից սեռական բռնություններ կատարելու մասին նոր հաղորդագրութուններ է ստացել: Նշվում է, որ սեռական բռնության զոհ են դարձել 6 անչափահաս և մեկ չափահաս աղջիկ: Նրանց մասին տեղեկությունները փոխանցվել են Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը:
ՄԱԿ-ի կողմից իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործությունները կատարել են Կոնգոյի հանրապետության և Կոնգոյի դեմոկրատական հանրապետության խաղաղապահները: ՄԱԿ-ում արդեն տեղեկացրել են այդ երկու երկրների ղեկավարություններին ներկայացված մեղադրանքի մասին և կոչ արել հետաքննություն սկսել:
Մեղադրանքի լրջությունը հաշվի առնելով՝ ՄԱԿ-ում որոշել են անհապաղ միջոցառումներ ձեռնարկել: Մինչ հետաքննության ավարտը նրանք հեռացվել են ծառայությունից և գտնվում են վերահսկողության տակ: ենթադրվում է, որ հետաքննության արդյունքում նրանց մեղքը ապացուցվելու դեպքում Կոնգոյի հանրապետության 120 խաղաղապահ հետ կուղարկվի հայրենիք:
Ավելի վաղ՝ հունվարին, հայտնի էր դարձել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ֆրանսիացի և վրացի խաղաղապահների կողմից սեռական բռնության դեպքեր, որոնք տեղի էին ունեցել 2014 թվականին: Այս գործերով ևս հետաքննություն է իրականացվում, Վրաստանի վեց բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանակավորապես հեռացվել են պաշտոնից:
Նշենք, որ ՄԱԿ-ն Աֆրիկայում ունի 9 խաղաղապահ առաքելություն, որոնց խաղաղապահների քանակը հասնում է 100 հազարի: Վերջին շրջանում Աֆրիկայում միջազգային խաղաղապահների կողմից սեռական բռնությունների մասին հայտնի էր դարձել նաև Մալիում, Հարավային Սուդանում, Լիբերիայում, և Կոնգոյում: Մալիում 2015 թվականին խաղաղապահների կողմից իրականացված սեռական բռնությունների հետ կապված սկանդալի առնչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խաղաղապահների նման հանցագործությունները որպես «համակարգի չարորակ ուռուցք» էր բնութագրել: Նրա կողմից խաղաղապահների իրականացրած սեռական բռնությունների հանդեպ «զրոյական հանդուժողականության» քաղաքականության ուժեղացումից հետո նման հանցագործությունները վերջին շրջանում ավելի արդյունավետ են բացահայտվում: Միայն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում շրջանում բացահայտվել են նման հանցագործության 22 դեպք, որոնք կատարվել են նախորդ 14 ամսվա ընթացքում:
Հարկ է նշել, որ նման դեպքերը ՄԱԿ-ում լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ կասկածի տակ են դնում կազմակերպության խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և լուրջ հարված են հասցնում խաղաղապահ առաքելությունների վարկանիշին: