Մոնտենեգրոն բանակցություններ է սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Մոնտենեգրոյի առաջին քայլը կլինի ՆԱՏՕ-Մոնտենեգրո երկօրյա բանակցությունները Բրյուսելում։ Բանակցությունների ժամանակ քննարկվելու են քաղաքական, ռազմական ու իրավական բնույթի հարցեր։
Այդ հանդիպումից հետո հաջորդ քայլը լինելու է Մոնտենեգրոյի անդամակցության մասին արձանագրությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ստորագրումը, ինչից հետո Մոնտենեգրոն կսկսի ՆԱՏՕ-ի հանդիպումներին մասնակցել որպես հրավիրյալ երկիր։
Ըստ առկա գնահատականների՝ բանակցությունների ընդհանուր գործընթացը կտևի 1.5-2 տարի, որից հետո ՆԱՏՕ-ի բոլոր 28 երկրները պետք է հաստատեն Մոնտենեգրոյին դաշինք ընդունելու որոշումը:
Հիշեցնենք, որ 2009 թվականից ՆԱՏՕ-ն ու Մոնտենեգրոն դաշինքին անդամակցելու գործողությունների պլանի օգնությամբ սերտորեն փոխգործակցել են միմյանց հետ, ինչը Մոնտենեգրոյին օգնել է նախապատրաստվել ապագայում դաշինքին հնարավոր անդամակցությանը։
Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին արդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները Մոնտենեգրոյին հրավիրեցին սկսել անդամակցության վերաբերյալ բանակցություններ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ հրավերը որակել էր որպես «պատմական»։
Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Մոնտենեգրոյի հեռանկարը դժգոհություն է առաջացրել Մոսկվայում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս ամենի կապակցությամբ հայտարարել է, որ Մոնտենեգրոյում ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված առկա է հասարակակական պառակտում. «Կա խորը ներքին քաղաքական ճգնաժամ, որը շարժում է քաղաքացիների զայրույթն ու բողոքը: Մենք կարծում ենք, որ Մոնտենեգրոյի ժողովուրդը միայն հանրաքվեի միջոցով կարող է այս հարցին լուծում տալ», - նշել է Զախարովան՝ ընգծելով, որ դա կլինի ժողովրդավարության իսկական դրսևորում:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից Մոնտենեգրոյում ընդդիմադիրները պարբերաբար «կենդանի օղակով» շրջապատում էին մայրաքաղաք Պոդգորիցայի կառավարական թաղամասը՝ պահանջելով անցումային կառավարության ձևավորում և վարչապետ Միլո Ջուկանովիչի հրաժարականը:
Քաղաքական ընդդիմախոսները վարչապետին մեղադրում են տնտեսական խնդիրների, կոռուպցիայի և ընտրությունների ժամանակ մեքենայությունների մեջ: Բացի այդ դեմոկրատական ճակատի ակտիվիստները դժգոհ են Ջուկանովիչի վարած քաղաքականությունից և ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի վարած բանակցություններից: Նման պահանջներն իրենց հերթին տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էին դառնում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում: