Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարակազմիկ հանդիպման վերջում ներկայացրին համատեղ հռչակագիր, որն ամրագրում է եկեղեցու կողմից ընտանիքի դիտարկումը որպես տղամադու և կնոջ միություն, ովքեր կրում են մարդկային ցեղի շարունակականության պատասխանատավությունը: Սակայն, նույն քրիստոնեական ընտանիքին պատկանող Վրաստանում առաջ եկան տարաձայնություններ այս քրիստոնեական ավանդական մեկնաբանության շուրջ:
Վրաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, փաստաբան Գեորգի Տատիշվիլին այս տարվա հունվարի վերջին հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնելու պահանջով: Իր հայցը նա հիմնավորել էր այն նրանով, որ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1106 հոդվածի բովանդակությունը (ամուսնությունն ընտանիքը կազմելու նպատակով տղամարդու և կնոջ միջև կամավոր միություն է) չի համապատասխանում Սահմանադրության 36-րդ հոդվածին (ամուսնությունը որպես կամավոր միություն հիմնվում է ամուսինների իրավահավասար իրավունքի վրա), հաղորդում է Взгляд լրատվականը:
Խորհրդարանականները, գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը, փորձում են հոդվածների համապատասխանեցման արդյունքում, հաղթահարել առաջացած դժվարությունը: Կառավարող կոալիցիայի պատգամավոր՝ Գեորգի Վոլսկին, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի պառլամենտական մեծամասնությունը նախապատրաստում է սահմանադրական փոփոխությունների փաթեթ, համաձայն որի միասեռ ամուսնությունների խնդիրը կդադարի վիճելի լինելուց:
Նա նաև նշել է, որ «քաղաքացիական օրենսգրքում ամրագրված ձևակերպումը կդառնա սահմանադրական նորմ», - հայտնում է Sputnik-ը: Ներկայումս, Վրաստանի խորհրդարանում այդ առիթով ստորագրահավաք է սկսվել: Սամանադրական փոփոխությունների գրանցման համար անհրաժեշտ է 150-ից 76 պատգամավորների ստորագրություն: Հաջողության դեպքում Վրաստանի խորհրդարանականներին կհաջողվի որոշակիորեն կախել խնդրի հնարավոր շահարկումը:
Հարկ է նշել, որ, չնայած Վրաստանում «եվրոպական արժեհամակարգի» արմատավորման վերաբերյալ բարձր մակարդակով արվող տարբեր հայտարարություններին, վրացական հանրությունը բավական բացասական է տրամադրված սեռական փոքրամասնություների իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին: Այս մասին վկայում են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից Տատիշվիլին նախաձեռնության վերաբերյալ արված սոցիալական հարցման արդյունքները: Ըստ հարցման տվյալների՝ Վրաստանում հանրության 89%-ը կողմ է միասեռ ամուսնությունների արգելմանը, 6%-ը պատրաստ է աջակցել միասեռ ամուսնությունների օրինականացմանը, իսկ 4%-ը դեռևս չունի ձևավորված դիրքորոշում տվյալ հարցի շուրջ: Թերևս հենց հանրային տրամադրվածությամբ կարելի է բացատրել այն, որ Թբիլիսիում գեյ-շքերթներ անցկացնելու բոլոր փորձերը ձախողովում են: Դեռևս 2013 թվականին սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաները բռնի կերպով ճնշվեցին փողոց դուրս եկած մեծ թվով քաղաքացիների կողմից, որոնց շարքերում շատ էին նաև հոգևոր գործիչները:
Հատկանշական է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին ևս իր անհանգստությունն է հայտնում նմանատիպ նախաձեռնությունների հետ կապված: Եկեղեցին, քննադատելով միասեռ ամուսնությունների օրինականացմանն ուղղված քայլերը, միաժամանակ պնդում է, որ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններն անընդունելի են:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վրացական հանրության շրջանում տարածված է այն ընկալումը, որի համաձայն՝ 2014 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում Վրաստանի և Եվրամիութան միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում լրացուցիչ ճնշում է ստեղծել Վրաստանի իշխանությունների նկատմամբ: Ըստ որոշ փորձագետների՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինն ազդարարում էր եվրոպական արժեհամակարգի ամրապնդումը հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ իրավունքների պաշտպանության:
«Իրավունք բոլորի համար» վրացական ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Զուրաբ Ջորբենաձեի կարծիքով Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը կհանգեցնի կործանարար հետևանքների Վրաստանի համար: Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը պարտավորեցնում է Վրաստանի կառավարությանն իրականացնել փոփոխություններ Սահմանադրությունում, ինչի արդյունքնում պետք է օրինականացվեն միասեռ ամուսնությունները, և հաստատվի իրավահավասարութուն կրոնական փոքրամասնությունների և ուղղափառ մեծամասնության միջև:
Ամփոփելով, կարող ենք նշել, որ Վրաստանում իշխանությունները կանգնած են դժվարին խնդրի առջև. մի կողմից առկա է հանրության տարաբաժանված դիրքորոշումը հավասարակշռելու անհրաժեշտությունն, մյուս կողմից՝ արևմտյան գործընկերների առջև ստանձնած պարտավորություններին հետամուտ լինելը: