Գերմանիայի Համբուրգ քաղաքում փետրվարի 13-ին և 14-ին միջոցառումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանությանը և իսլամացված հայերի թեմաներով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:
Աղբյուրի համաձայն` սեմինարները կազմակերպվել են «Ռոզա Լյուքսեմբուրգ» անվամբ գերմանական հիմնադրամի կողմից: Փետրվարի 13-ին Համբուրգի ալևիների համայնքի սրահում կայացած «Իսլամացված հայերը Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում» վերնագրով սեմինարին սույն թեմայի շուրջ ելույթներով հանդես եկան Թուրքիայից Գերմանիա տեղափոխված, մասնագիտությամբ փաստաբան Իլիաս Գևորգ Ույարը, Գերմանիայի ալևիների միությունների կրթության հարցով պատասխանատու Իսմայիլ Քափլանը և թուրքագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Մելինե Անումյանը: Սեմինարի համակարգողն էր գերմանաբնակ թուրք գրող Դողան Աքհանլըն, ով տարիներ շարունակ Թուրքիայի կողմից հետապնդվել է` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 150 հոգի, այդ թվում` 15 գերմանացիներ (թուրքերենով կազմակերպված սեմինարի ժամանակ կատարվում էր նաև գերմաներենով համաժամանակյա թարգմանություն): Նրանց մեջ էր նաև գերմանացի հայտնի ցեղասպանագետ Վոլֆգանգ Գուստը:
Փետրվարի 14-ին Եվրոպայի քարաբալըցիների միությունում (Քարաբալըն գյուղ է ներկայիս Յոզղատ նահանգում) կազմակերպված միջոցառումը կրում էր «Յոզղատը 100 տարի առաջ» խորագիրը: Սույն սեմինարի բանախոսներից Մելինե Անումյանը զեկուցում ունեցավ Յոզղատի հայության տեղահանության և կոտորածների դատավարության թեմայով, իսկ թուրք գրող Դողան Աքհանլըն հանդես եկավ հիշելու և առերեսվելու մշակույթի մասին ելույթով: