ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտել է աճող բռնություններն Արևելյան Ուկրաինայում և կոչ է արել հակամարտության կողմերին իրականացնել Մինսկի համաձայնագիրը: Այս մասին նշված է Բայդենի և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Փոխնախագահը դատապարտել է աճող բռնությունն Ուկրաինայում, որը հանգեցրել է հումանիտար իրավիճակի վատթարացման, ինչպես նաև ռուս անջատողական համակցված ուժերի շարունակական ձախողումը՝ ԵԱՀԿ-ին լիարժեք մուտք ապահովելու դեպի իրենց դե ֆակտո վերահսկողության տակ գտնվող տարածքները», - նշված է հաղորդագրության մեջ, ինչպես փոխանցում է Sputnik News-ը:
Բայդենը նաև նշել է, որ Մինսկի համաձայնագրի իրականացումը բոլոր կողմերի համար էլ շարունակում է մնալ լավագույն ուղին հակամարտության կարգավորման գործում:
Բանն այն է, որ վերջին շրջանում, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հակամարտության նոր սրացումներ են նկատվում Դոնբասի շրջանում և չնայած հարաբերական խաղաղությանը, որն այժմ հաստատվել է կողմերի միջև, միևնույն է իրավիճակը շարունակում է լարված մնալ:
եվրոպացի գործընկերներն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա ճնշում են գործադրում՝ Մինսկի համաձայնագիրն իրագործելու և վերջնական խաղաղություն հաստատելու հորդորներով: Սակայն, Գերագույն Ռադայի նման «ըմբոստ» խորհրդարանում խնդիրը լուծելու համար Պորոշենկոն, ամենայն հավանականությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կհրավիրի այս տարի:
Ուկրաինացիներն, ովքեր հոգնել են պատերազմից ու փլուզվող տնտեսությունից, ավելի ու ավելի են երես թեքում «Մայդանի» քաղաքական գործիչներից:
Ապագա ընտրությունները, ըստ երևույթին, օրենսդիր մարմնին առավել պատասխանատու կդարձնեն խաղաղության հաստատման գործում: Ըստ Պորոշենկոյի հաշվարկների՝ նա կկարողանա «հետ վերադարձնել» Դոնբասն Ուկրաինային իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում: