Գերմանիայի Աախեն քաղաքում բացված «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը հայտնվել է վանդալների հարձակման թիրախում, հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից առաջ բնակվող հայերի ստեղծած մշակութային ու ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի մեծածավալ ֆոտոպաստառները պատառոտվել են դանակով կամ այլ սուր-կտրող գործիքներով:
Աախենի Ազգային մշակութային կենտրոնի ղեկավարությունը, որտեղ կազմակերպվել է ցուցահանդեսը, արդեն դիմել է տեղի ոստիկանություն՝ դեպքի առթիվ հետաքննություն սկսելու պահանջով:
Հարձակմանն արձագանքել է գերմանական մամուլը: «Aachener Zeitung» թերթը հայկական ցուցահանդեսի վրա հարձակումը բնորոշել է որպես վանդալիզմ՝ համանուն վերնագրով հոդվածում անդրադառնալով դեպքին:
Նշենք, որ «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը «շրջում է» Գերմանիայի մի շարք քաղաքներում: Այն ներկայացնում է Ցեղասպանությունից առաջ հայաբնակ Վանի, Մուշի, Ուրֆայի, Կարսի, Այնթափի, Սեբաստիայի, Զմյուռնիայի հայերի մշակութային կյանքն ու նրանց կերտած ճարտարապետական գործերը:
Ցուցահանդեսում տեղ են գտել թեմայի վերաբերյալ լուսանկարներ, պատմամշակութային կոթողների մասին պատմական ակնարկներ և խնդրո առարկա հուշարձանների ներկայիս վիճակի մասին տեղեկություններ: