Թուրքական իշխանությունները հերթական վերջնագիրն են ներկայացնում Միացյալ Նահանգներին, և կրկին պատճառը քրդերն են:
«Եթե ԱՄՆ-ը չճանաչի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը՝ Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD), որպես ահաբեկչական կազմակերպություն, Թուրքիան կարող է փակել Ինջիրլիկ ավիաբազան ԱՄՆ զինված ուժերի համար», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Սերեֆ Մալկոչը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով թուրքական Bugun թերթին:
«Եթե Միացյալ Նհանագները Թուրքիայի բարեկամն ու գործընկերն է, նա պետք է ճանաչի PYD-ն որպես ահաբեկչական կազմակերպություն», - ասել է Էրդողանի խորհրդականը՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում ԱՄՆ-ն անուղղակիորեն ցույց է տալիս, որ համաձայն է PYD-ի գործունեության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներից պահանջել էր ընտրել, թե ով է իր դաշնակիցը՝ «Թուրքիա՞ն, թե՞ Սիրիայի ահաբեկիչ քրդերը»:
Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներին, այդ թվում՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին, որ ահաբեկչությունն իրականացվել է քրդական Դեմոկրատական միություն կուսակցության կողմից, ինչը նշանակում է, որ նրանք պետք է դադարեցնեն Սիրիայի քրդերին տրամադրվող աջակցությունը, հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել կամ հերքել, թե արդյոք Սիրիայի քրդական Ազգային պաշտպանության ջոկատներն են Անկարայի ահաբեկչության պատասխանատուն: Միացյալ Նահանգներն ընդդիմադիր զինյալներին վերապատրաստելու ամերիկյան ծրագրի տապալումից հետո փոխեց մարտավարությունը՝ զգալի ռազմական օգնություն տրամադրելով Սիրիայի քրդրեին, որոնք համարում է ցամաքում կռվող ամենաարդյունավետ ուժերից մեկը:
Հիշեցնենք, որ Թուրքիան երկարատև բանակցություններից հետո միայն թույլ տվեց Միացյալ Նահանգներին Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածելու համար օգտագործել Ինջիրլիկ ավիաբազան: Թուրքիան ստիված էր միջազգային հանրությանը ցույց տալ, որ վճռական է տրամադրված ԻՊ-ի դեմ անզիջում պայքար մղելու հարցում և աստիճանաբար ներգրավվեց ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի գործողություններում: Հենց այս նույն նպատակով Թուրքիան համաձայնեց Ինջիրլիկ ավիաբազան տրամադրել ԻՊ-ի դեմ ավիահարվածներ իրականացնելու համար: