Թուրքական իշխանությունների և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև պատերազմը շարունակվում է: Այն դրսևորվում է ոչ միայն ամենօրյա բնույթ կրող բախումներով, այլ նաև տնտեսական պատերազմով: PKK-ն բոլոր հնարավոր միջոցներով պատասխանում է թուրքական ղեկավարության բռնություններին:
Իրաքյան Քրդստանը հայտարարում է, որ Քիրքուք-Ջեյհան նավթամուղի վրա Թուրքիայի Սանլիուրֆա նահանգում հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կասեցվել է նավթի արտահանումը: Արդյունքում, քրդական ինքնավությունն օրական 14 միլիոն ԱՄՆ դոլար է կորցնում: Նավթի արտահանումը դադարեցվել է փետրվարի 16-ին: Ինքնավարության ներկայացուցիչն ասել է, որ նավթի արտահանումը դեռ չի վերականգնվել, գրում է Hurriyet Daily News-ը: Անվտանգության խնդիրների պատճառով դեռևս հայտնի չէ, թե երբ է վերակագնվելու նավթի արտահանումը դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ:
Գաղտնիք չէ, որ նավթամուղերի պայթեցումը թուրքական իշխանություններին վնասելու հիմնական գործիքներից է, որը PKK-ն վաղուց է օգտագործում: Թուրքիայի և PKK-ի միջև բախումների վերսկսումից հետո քրդերը կրկին գործի դրեցին այն: 2015 թվականի ընթացքում PKK-ի զինյալները բազմիցս պայթեցրել են գազամուղների և նավթամուղների տարբեր հատվածներ՝ զգալի կորուստներ պատճառելով իշխանություններին: Նույն Քիրքուք-Ջեյհան նավթամուղը պայթեցվեց 2015 թվականի ամռանը: Այն ժամանակ Իրաքյան Քրդստանը նավթի արտահանման կասեցման պատճառով 250 միլիոն ԱՄՆ դոլար կորցրեց:
Նշենք, որ PKK-ն հանդես է գալիս Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև էներգետիկ գործարքների դեմ: Մինչդեռ Իրաքի քրդական ինքնավարությունը մտադիր է մինչև այս տարվա ավարտը նաև գազ մատակարարել Թուրքիային: