Այս տարի լրանում է մեծ հայ մաթեմատիկոս Դմիտրի Միրիմանովի 150-ամյա հոբելյանը: Այս կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում կայացել է նրա հիշատակին նվիրված Հայաստանի մաթեմատիկոսների միության նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Միրիմանովի երկու թոռները և Շվեյցարիայի հայ համայնքի ղեկավար Պավել Ղուլումյանն ու նրա կինը՝ Իզաբելը:
"Շատ ուրախ եմ այսօր ներկա գտնվել այս միջոցառմանը, որը հնարավորություն կտա մեզ իմանալ, որ եղել է այդպիսի հայ մաթեմատիկոս, ով ապրել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին և, փաստորեն, առաջին հայ մաթեմատիկոսն է եղել, ում հոդվածները տպագրվել են միջազգային ամսագրերում",- ողջույնի խոսքում ասել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Ա.Սահակյանը:
Միրիմանովի կյանքի պատմությունը
ներկայացրեց նրա թոռը՝ Պատրիկ Միրիմանովը: 1861թ. Ռուսաստանում ծնված Դմիտրի Միրիմանովը կրթություն ստանալու նպատակով մեկնել է Ֆրանսիա, այնուհետև, Շվեյցարիա՝ Ժնև, որտեղ ապրել ու դասավանդել է ողջ կյանքի ընթացքում: Նա երբեք չի եղել Երևանում, բայց որդիներն ու թոռները միշտ հիշել ու հպարտացել են իրենց հայ լինելու հանգամանքով: Միրիմանովը ունի 60-ից ավելի տպագրված հոդվածներ, բացի այդ, նրա անունն է կրում "Միրիմանովի պարադոքս"-ը: (Մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԱԶԱՆՔ Է): Գիտնականը մահացել է 1945թ. Ժնևում: Ինչպես պատմեցին Միրիմանով եղբայրները, նրանք այցելել են Էջմիածին, որտեղ Սբ. Գայանե եկեղեցու հարևանությամբ գտել են իրենց նախահոր՝ Դավիթ Միրիմանյանի գերեզմանը:
Միջոցառմանը խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Օբոլենսկին: Նա անդրադարձավ հայ-շվեյցարական հարաբերություններին և կարևորեց հարաբերությունների երեք ուղղություններ՝ շփումը հասարակությունների միջև, քաղաքական հարաբերությունները և Շվեյցարիայի մեծ ներդրումը Հայաստանի զարգացման ու բարգավաճման մեջ: