Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին հազարավոր միգրանտներ են կուտակվել այն բանից հետո, երբ Բալկանյան երկրները խստացրել են իրենց տարածքով դեպի Արևմտյան Եվրոպա ուղևորվող միգրանտների համար մուտքի կանոնները: Փետրվարի 21-ից Մակեդոնիայի սահմանը թույլատրվում է հատել միայն Իրաքից և Սիրիայից ժամանած այն փախստականներին, որոնք նույնականացման փաստաթղթեր ունեն: Այլ երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից, ժամանած միգրանտների մուտքը Սկոպյեն արգելել է: Այժմ միգրանտները Հունաստանի և Մակեդոնիայի սահմանից անմիջապես գնացքներով ուղևորվում են Սլովենիայի և Ավստրիայի սահման: Նրանց թույլատրվում է լքել գնացքը միայն Մակեդոնիայում, Սերբիայում, Խորվաթիայում և Սլովենիայում, եթե միգրանտները բժշկական օգնության կարիք ունեն կամ ցանկանում են ապաստանի դիմում գրել այդ երկրներից որևէ մեկում:
Բալկանյան երկրների կողմից միգրանտների համար կանոնների խստացման պատճառ է դարձել ավստրիական իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստվում են օրական ընդունել ապաստանի տրամադրման ընդամենը 80 հայտ, ինչպես նաև Գերմանիայի հետ սահմանը կարող են հատել օրական միայն 3200 միգրանտ: Եվ մինչ Ավստրիան բալկանյան երկրներին հրավիրում է չորեքշաբթի՝ ԵՄ ներքին գործերի նախարարների Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ հանդիպել Վիեննայում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, Հունաստանն իր հյուսիսային հարևանին մեղադրում է միգրացիոն ճգնաժամի բեռից խուսափելու փորձերի մեջ: Հունաստանի միգրացիայի հարցերով նախարարը նշել է, որ Աթենքն արդեն դիվանագիտական քայլեր է ձեռնարկել ԵՄ անդամ երկրների սահմանները միգրանտների համար բաց պահելու նպատակով:
ՄԱԿ-ի տվյալներով տարվա սկզբից Թուրքիայից Հունաստան է ժամանել ավելի քան 94 հազար միգրանտ: Սպասվում է, որ այս տարի միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա ավելի մեծ է լինելու, քան նախորդ տարի: Նման պայմաններում չնայած Գերմանիայի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սուր քննադտության միության անդամ երկրները սկսել են արդեն միակողմանի միջոցներ ձեռնարկել միգրացիոն հոսքերը հաղթահարելու համար, քանի որ միգրանտներին ԵՄ երկրներում արդարացի բաշխելու Բրյուսելի պլանը չի գործում: