Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին այլախոհներին հետապնդելու և երկրում քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար։
«Երկրում չեն դադարել հետապնդումները քաղաքական այլակարծության համար և ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ»,- ընդգծվում է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին կազմակերպության զեկույցում։
Մասնավորապես, կազմակերպությունը մատնացույց է արել դատավճիռները, որոնք կայացվել են մի շարք ադրբեջանցի իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների, երիտասարդ ակտիվիստների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ, ովքեր ձերբակալվել էին 2014 թվականին։
Կազմակերպությունն այս մարդկանց դեմ մեղադրանքները համարում է կեղծ։ «Մեր գնահատականներով՝ Ադրբեջանում առնվազն 18 մարդ խղճի կալանավոր է»,- ասվում է զեկույցում։