«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներն Իրաքից և Սիրիայից փախչում են Լիբիա՝ հավաքագրելու նոր համախոհների: Այդ մասին հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Մենք Իրաքից և Սիրիայից ԻՊ-ի զինյալների մեծ արտահոսք չենք նկատում Լիբիա, սակայն արձանագրել ենք, որ այնտեղ են ուղևորվում խոշոր դաշտային հրամանատարները», - ամերիկացի սպայի խոսքը մեջբերել է «Աշ Շարկ ալ Աուսատ» թերթը: «Նրանք Լիբիա են գնում հարևան երկրներից զինյալներ հավաքագրելու նպատակով»,- պարզաբանել է Ուորենը:
Նա նաև նշել է, որ մոտ ժամանակներս Լիբիայում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ չեն պլանավորվում, սակայն «դրա հավանականությունը գնալով ավելի է մեծանում»: