ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը տեսաժողովի շրջանակում քննարկել են սիրիական հակամարտությանը և Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրները:
Կողմերը «ողջունել են Սիրիայում հրադադարի հաստատման տեսլականը և կոչ են արել բոլոր կողմերին ամբողջությամբ կատարել տվյալ համաձայնագրի պահանջները»: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը:
Նշվում է նաև, որ զրույցի մասնակիցները հաստատել են Սիրիայում խաղաղ իշխանափոխության կարևորությունը, որը Սիրիայի ժողովրդին կտա հարատև խաղաղություն և օրինական կառավարություն հաստատելու հնարավորություն»:
Օբաման «գործընկերների հետ քննարկել է նաև Սիրիայում մարդասիրական ճգնաժամին ուղղված քայլերն, ինչպես նաև կարևորել է ՆԱՏՕ-ի առաքելությունը և Հունաստանի ու Թուրքիայի միջև համակարգված աշխատանքների իրականացումը միգրանտների հոսքը դեպի Եվրոպա վերահսկելու նպատակով»: